«Դիլիջանում սպանդանոցի գործարկումից լուր չկա». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիլիջանում սպանդանոցի գործարկումից լուր չկա
Հայաստանի կառավարության որոշմամբ՝ 2020թ․ հուլիսի 1-ից վաճառվող միսը պարտադիր պետք է ունենար սպանդանոցային ծագում անասունների մորթը պետք է իրականացվեր սպանդանոցում։ Հետո այդ որոշման կիրարկումը հետաձգվեց, սակայն ներկայում օրենքով պարտադիր է, որ հասարակական սննդի օբյեկտներում տարբեր ճաշատեսակների մեջ մատուցվող միսն ունենա սպանդանոցային ծագում։ Դիլիջան քաղաքում ի՞նչն է շատ՝ ռեստորանները, սրճարանները, սակայն շուրջ 17 հազար բնակչություն ունեցող Դիլիջան քաղաքում և Դիլիջան խոշոր համայնքի գյուղերում՝ Գոշում, Հաղարծինում, Թեղուտում, Հովքում, Խաչարձանում, Աղավնավանքում, սպանդանոց չկա։ Ուշագրավ է, որ միայն Դիլիջանում է այդ վիճակը Տավուշի մարզի 3 խոշոր համայնքներում՝ Իջևանում, Նոյեմբերյանում, Բերդում, օրինական հիմունքներով գործում են սպանդանոցներ։ Եվ ոչ ոք չգիտի` Դիլիջան քաղաքում վաճառվող, ռեստորաններում հրամցվող մսե ուտեստներն անվտա՞նգ են, թե՞ սպառնալիք են մարդկանց առողջությանը։ Այս խնդրին պետք է որ տեղյակ լինի ծագումով Տավուշի մարզից վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հաճախ է հյուրընկալվում իր հայրենի Իջևանում և Դիլիջանում։ Օգոստոսի 24-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել՝ Դիլիջան համայնքում ե՞րբ, ո՞ւմ միջոցներով է սպանդանոց գործարկվելու։
Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Դիլիջան համայնքում սպանդանոց կառուցելու և գործարկելու վերաբերյալ ստույգ տեղեկատվության համար առաջարկում ենք դիմել ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոն»»: