Բացահայտիր Տավուշը. Գետահովիտ․ Տավուշի մարզի պատմական ու բնական գեղատեսիլ բնակավայրը

Գետահովիտը (մինչև 1978 թվականը՝ Թալա կամ Թալաքանդ) գյուղ է Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Իջևանից ընդամենը 1 կմ հյուսիս-արևմուտք։
Բնակավայրը տեղակայված է Գուգարաց լեռնաշղթայի Իջևանի լեռնաճյուղերի հարավային արոտի անտառապատ վայրում, Աղստև գետի և Սառնաջուր (ինչպես նաև Թալաջուր) վտակի ստորին հոսանքում՝ ծովի մակերևույթից 835 մ բարձրության վրա։
Գյուղի պատմական անվանումը եղել է Թալաքանդ, որը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «բացատ»։ 1803 թվականին բնակավայրը գտնվել է Պարսկաստանի տիրապետության տակ, իսկ 1805 թվականին՝ ռուս-պարսկական առաջին պատերազմից հետո, անցել է Ցարական Ռուսաստանի տիրապետության տակ։
Բնակիչների նախնիների մի մասն այստեղ է փոխադրվել մոտակա Հին Թալա գյուղից, ինչպես նաև Արցախի Խաչեն և Ջրաբերդ գավառների բնակավայրերից։
Գետահովիտն ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն։ Գյուղից 1,5 կմ հյուսիս-արևելք գտնվում է 12-13-րդ դարերի «Մրգաշեն» գյուղատեղին, որտեղ նշմարվում են եկեղեցիների և գերեզմանոցի ավերակներ։ Իսկ բնակավայրից 11 կմ արևմուտք տարածվում է 12-13-րդ դարերով թվագրվող «Կռանա-Տուխտ» պատմական գյուղատեղին։
Տեղի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, ինչպես նաև բանջարեղենի, հացահատիկի և ծխախոտի մշակությամբ։
Կոորդինատներ․ 40°53'45" N, 45°07'53" E (Գետահովիտ)