«Հրապարակ». Մի անգամ այդ ծրագիրը խափանվել է, պետք է երկրորդ անգամ խափանենք

Նիկոլ Փաշինյանը երեկ էլ ավելի խճճեց անկլավ-էքսկլավների լուծման՝ նախօրեին ներկայացրած բանաձեւը: Նախ ասաց, որ դրանց շուրջ հստակ պայմանավորվածություն չկա, ապա սկսեց մանրամասն ներկայացնել լուծման տարբերակը` ապացուցելով, որ հարցն արդեն իսկ որոշված է:
«Խոսքը, այո, Քյարքիի, Բարխուդարլուի, Սոֆուլու գյուղ, Ասկիպարա գյուղերի (ադրբեջանական անկլավների), այսինքն՝ այդ միավորների ու Արծվաշենի (հայկական անկլավի) մասին է»,- նշեց Փաշինյանը, որը մեկ օր առաջ տեսանյութով հայտնել էր, թե անկլավ-էքսկլավների հարցը լուծվելու է տարածքների փոխանակմամբ:
«Սահմանի այս ու այն կողմում անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն Հայաստանն ու Ադրբեջանը համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն», - նշել էր նա:
Իսկ մեկ օր անց փոխանակման տարբերակին գումարեց նաեւ «տեղաշարժման» տարբերակը։ «Գաղափարն այնպիսին է, որ սահմանազատվեց սահմանի երկու կողմերում անկլավ, էքսկլավ չի լինում: Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի Արծվաշեն գյուղ, այնպես չի, որ Արծվաշեն բնակավայրը մենք պետք է փակենք:
Բայց, օրինակ, Արծվաշենի ու Հայաստանի արանքում տարածք կա, որn Ադրբեջանի տարածքն է: Գաղափարներից մեկն այն կարող է լինել, որ Արծվաշեն գյուղն իր տարածքով տեղաշարժվում է այնքան, այսինքն՝ բերվում մոտեցվում է մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով բերվում մոտեցվում է նրան, որ իր եւ Հայաստանի արանքում տարածք չմնա»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ նույնն է լինելու նաեւ հակառակ կողմից։
Ինչ վերաբերում է տարածքների փոխանակման սցենարին․ «Այդ սցենարները նորություն չեն, որ քննարկվել են: Դա քննարկվող սցենարներից մեկն է: Ես զգում եմ, որ Հայաստանում ու Ադրբեջանում ըմբռնումը, որ այսպիսի լուծում է պետք գտնել, ավելի առարկայանում է, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ մյուս սցենարը բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու ընդհուպ գյուղերի բնակիչների շրջանում՝ ո՞նց են անցնելու սահմանը, ո՞նց են գնալու-գալու, եւ այդպես շարունակ»:
«Տեխնիկապես եւ իրավական առումով դա ի՞նչ ձեւակերպում կստանա: Նման սցենարի դեպքում, օրինակ, հանրաքվե, թե ոչ, իրավաբանական վերլուծության հարց է: Նախ, պետք է տեղի ունենա սահմանազատում, ճշգրիտ տարածքների տեղորոշում, պետք է իմանանք՝ Արծվաշենի տարածքն ինչքան է, որպեսզի կարողանանք խնդրին իրավական առումով էլ, քաղաքական առումով էլ ճիշտ լուծում տանք»,- ընդգծեց վարչապետը:
Հիշեցնենք, որ անկլավ-էքսկլավների թեման 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար ակտիվանում էր, սակայն Փաշինյանը պնդում էր, թե նման հարց չկա, ապա մի քիչ նահանջեց եւ սկսեց Ալիեւից իրավական հիմքեր պահանջել եթե կան, կքննարկենք, իսկ վերջին շրջանում արդեն Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենի փոխարեն ուղղակի ադրբեջանական անունն է կիրառում Քյարքի, պնդելով, թե դրանով հնարավոր էսկալացիան է չեզոքացնում:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Սրբազան պայքարի ակտիվ մասնակից Գառնիկ Դանիելյանն ասում է, որ դեռ 2024-ին է Փաշինյանը մտադրվել անկլավ կոչվող տարածքները տալ Ադրբեջանին՝ Հայաստանն անվտանգային սպառնալիքի տակ դնելով, եւ իրենց պայքարի արդյունքում է, որ այդ ծրագիրը խափանվել է կամ հետաձգվել, ուստի կոչ է անում հանրությանը՝ կրկին ակտիվ հակադարձել փաշինյանական ապազգային օրակարգին, թույլ չտալ, որ այս ծրագիրը կյանքի կոչվի, հատկապես որ Փաշինյանը հանրային տրամադրություններ է այժմ շոշափում եւ հստակ տարբերակ չի նշում անկլավ–էքսկլավների լուծման հարցում։ Ընդդիմադիր գործիչը վստահեցրեց, որ հանրային ընդվզումով հնարավոր է կասեցնել ապազգային ընթացքը, ինքը դեռ 2024-ին իրավապահ համակարգից լսել է, որ եթե այդ անկլավ կոչվածները Փաշինյանը տա, իրենք անկարող են լինելու ճնշել հանրային հուզումները։ Դանիելյանը հիշեցրեց, որ իր հարցումներին ի պատասխան՝ մինչեւ վերջերս կառավարությունից վստահեցրել են, որ Ալիեւի հետ նման հարց չի քննարկվել, Փաշինյանն իրավական հիմքեր էր իբրեւ պահանջել, եթե ստացել է դրանք, ապա պետք է ներկայացնի հանրությանը, եւ պետք է քննարկում տեղի ունենա:
«Պարզ է, որ հիմա էլ հասարակական կարծիք է փորձում ստուգել, ես էլ մի քանի անգամ փորձեցի հասկանալ, թե ինչ լուծում է հիմա առաջարկում, չհասկացա»։ Փաշինյանի առաջ քաշած տարբերակներից մեկով, ըստ Դանիելյանի, որպեսզի անկլավ չլինի, պետք է նաեւ այդ տարածքների միջանկյալ հատվածները տալ Ադրբեջանին, իսկ դա նշանակում է ամբողջությամբ հակառակորդը կմխրճվի հայկական տարածք՝ ստեղծելով լուրջ անվտանգային խնդիրներ։ Դանիելյանի խոսքով, Արծվաշենը եւ ադրբեջանական, այսպես կոչված, անկլավները միասին գրեթե նույն տարածքն ունեն, սակայն տարբեր է դրանց ռազմավարական նշանակությունը, Տավուշում, դիցուք, երեք տարածքների հանձնումով վտանգվում, ադրբեջանական կողմին են անցնում միջպետական ճանապարհից, գազամուղից հատվածներ։