Անկլավների փոխանակման հարցում «չկա համաձայնություն». Մհեր Գրիգորյան

Անկլավների փոխանակման հարցում «չկա համաձայնություն», լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Չկա համաձայնություն, ցանկացած հարց, որը ֆորմալ քննարկվում է և որի շուրջ կա աշխատանքային քննարկում, մենք հրապարակում ենք: Ցանկացած հանդիպում, քննարկում, որի վերաբերյալ կա հստակություն, հրապարակային է: Մենք ունեցել ենք 13 հանդիպում, և դրանց վերաբերյալ եղել է պաշտոնական հաղորդագրություն: Ավել բան չեմ կարող ասել, քանի որ չկա աշխատանք սահմանազատման հետ կապված, որը ֆորմատից դուրս է», - նշեց Գրիգորյանը՝ անդրադառնալով անկլավների շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Հոկտեմբերի 14-ին վարչապետը հայտարարեց, որ անկլավ/էքսկլավների հարցը լուծվելու է տարածքների փոխանակմամբ:
Երեկ արդեն Փաշինյանը հստակեցրեց, որ անկլավ/էքսլավների մասին խոսելիս նկատի ունի հայկական վերահսկողության ներքո գտնվող Քյարքի [խմբ. Տիգրանաշեն], Բարխուդարլու, Սոֆուլու, Ասկիպարա և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արծվաշեն գյուղերը: Նիկոլ Փաշինյանը նաև նկարագրեց անկլավային գյուղերի «տեղաշարժման» տարբերակը:
Գրիգորյանը խոսքով, եթե այդ հարցի շուրջ քննարկում ունեցած լինեին, ապա այդ մասին հաղորդագրություն կլիներ, «որտեղ բոլոր հարցերի պատասխանները մաքսիմալ բացահայտված կլինեին»:
«Եթե չկա, ուրեմն չկա», - եզրափակել է փոխվարչապետը:
Մինչև օրս սահմանազատման հարցերով հանձնաժողովի ղեկավարներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը ունեցել են 13 հանդիպում: Վերջինն այս տարվա ապրիլին էր՝ Աղվերանում: Նախորդը անցած տարվա նոյեմբերին Գաբալայում: