Բացահայտիր Տավուշը. Վահագն Վիշապաքաղի արձանը․ Իջևանի նշանավոր հուշարձանը

· Տավուշի Մարզ

Բացահայտիր Տավուշը. Վահագն Վիշապաքաղի արձանը․ Իջևանի նշանավոր հուշարձանը

Հայկական դիցաբանության ռազմի, հաղթանակի և ամպրոպի աստված Վահագն Վիշապաքաղի արձանը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ Անկախության փողոցի սկզբնամասում՝ Ազատամարտիկների հրապարակում։

Հուշարձանը կերտվել է 1986 թվականին Իջևանի միջազգային քանդակագործության սիմպոզիումի շրջանակներում, իսկ նրա հեղինակն է քանդակագործ Արմեն Դավթյանը։

Արձանն ընդգրկված է Իջևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ 

Քանդակն իրենից ներկայացնում է պատվանդանի հետ միասին կերտված հսկայական հուշարձան։

Քանդակված հսկան՝ Վահագնը, արդեն հնազանդեցրել է վիշապին ու հպարտ հայացքը հառել հորիզոնին։ Վահագնի մազերը պատրաստված են մետաղալարից և հիշեցնում են ծաղկեպսակ։ 

Հուշարձանը տարիների ընթացքում ենթարկվել է վանդալիզմի, մասնավորապես՝ 1999-2000 թվականներին, ինչպես նաև 2014 թվականին։ 2014 թվականի հոկտեմբերի 16-ին անհայտ անձանց կողմից ներկվել էին արձանի տարբեր հատվածներ, սակայն ըստ ոստիկանության հաղորդագրության՝ հուշարձանին էական վնաս չէր պատճառվել։ 

Կոորդինատներ․ 40°52'42" N, 45°08'47" E (Իջևան)