Բացահայտիր Տավուշը. Աղասի Խանջյանի ամառանոցը․ Դիլիջանի պատմական հուշարձանն ու նրա ողբերգական ճակատագիրը
Աղասի Խանջյանի ամառանոցը Հայաստանի հանրապետական նշանակության հուշարձան է, որը պաշտոնապես պահպանվում է պետության կողմից՝ ՀՀ մշակույթի նախարարության կողմից (ներկայացված է «10.3.130» համարով):
Այն գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մ․ Գորկու փողոցի 15ա հասցեում՝ անտառապատ լեռան լանջին:
Շենքի շինարարությունը տևել է 1928-1936 թվականներին, և տեղավայրն անձամբ ընտրել է Աղասի Խանջյանը:
Ըստ որոշ տվյալների՝ նախկինում այստեղ գտնվել է Ռուսական կայսրական բանակի գնդերից մեկի զորքերի գերեզմանոցը:
Չնայած կառուցվել է որպես Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի ամառանոց, այն գործնականում չի ծառայել իր նպատակին:
1936 թվականի հուլիսի 9-ին Խանջյանը Լավրենտի Բերիայի հետ հանդիպելուց հետո, պաշտոնական վարկածով, ինքնասպան է եղել, թեև կան նաև սպանության վարկածներ:
Ականատեսների վկայությամբ՝ Խանջյանն այս ամառանոցում եղել է ընդամենը մեկ անգամ:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին շենքը վերածվել է անասնագոմի: Հետագայում ՀԿԿ երկրորդ քարտուղար Պողոսովը կազմակերպել է վերանորոգում, սակայն հնարավոր չի եղել ամբողջությամբ փրկել զարդանախշերը (պահպանվել է միայն առաստաղի զարդանախշը):
1980-ական թվականների վերջերից ամառանոցը հայտնվել է լքված վիճակում, ինչի հետևանքով 2013 թվականին այն մասամբ փլուզվել է:
Այսօր այն գտնվում է գրեթե ավերված վիճակում․ չկան նկարազարդ առաստաղը, պատերը, փայտյա ներքին հարդարանքը, նախշազարդ սանդուղքներն ու սյունազարդ պատշգամբները:
Տեղում մնացել են միայն փլատակներ և դեպի երկինք ցցված քարե սյուներ: 2018 թվականին հայտարարվեց, որ նոր սեփականատերը որոշել է վերակառուցել շենքը նախկին տեսքով:
Կոորդինատներ․ 40°44'25" N, 44°51'30" E