«Հրապարակ»․ Անտառից թափուկ վերցնելու քանակը 2 անգամ կրճատել են

· Տավուշի Մարզ

«Հրապարակ»․ Անտառից թափուկ վերցնելու քանակը 2 անգամ կրճատել են

Ամեն աշուն անտառամերձ բնակավայրերի ընտանիքներին անտառից վառելափայտի անվճար թափուկ տեղափոխելու թույլտվություն են տրամադրում՝ մինչեւ 8 խորանարդ մետրի չափով։

Վերջին մի քանի տարիներին այդ գործը դժվարություններով է արվում։ Մինչ իշխանությանը մոտ կանգնածներն անտառները հատում են սանիտարական եւ խնամքի հատումների անվան տակ, սահմանագոտու բնակիչների բաժին թափուկը կրճատում են՝ այս տարի տրամադրվել է 4 խորանարդ մետր ծավալով։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աղբյուրներից տեղեկացանք, որ անտառտնտեսությունների անտառկառավարման պլաններով են այս տարի նախատեսված զգալիորեն քիչ քանակ տվել բնակիչներին։

Նախատեսված է Իջեւանի անտառտնտեսության անտառներից բնակիչներին տրամադրել 2500 խմ, մինչդեռ այժմ տրվել է 1100 խմ թափուկ, Սեւքարի անտառտնտեսությունից նախատեսվում էր տրամադրել 4000 խմ, տրամադրվել է դրա կեսը՝ 2000 խմ։

Բերդի Արծվաբերդի անտառտնտեսությունը Տավուշի մարզում ամենամեծ անտառներն ունի, անտառկառավարման պլանով նախատեսված էր 4500 խմ թափուկ տրամադրել, սակայն տրամադրվել է միայն 1100 խմ։ Վիճակը բարվոք է միայն Նոյեմբերյանի անտառտնտեսությունում, որտեղ նախատեսված 5500 խմ-ի փոխարեն բնակիչներին տրվել է 9000 խմ թափուկ պատրաստելու թույլտվություն։

Լոռու մարզի Թումանյանի անտառտնտեսությունում թույլատրված էր լինում 4500 խմ թափուկ տրամադրել, այս տարի տրվել է 800 խմ պատրաստելու թույլտվություն։

Ալավերդի համայնքից էլ հայտնում են, որ այստեղ անտառները շատ են հատել՝ բնակիչներին փայտ վաճառել, նրանք թափուկ պատրաստելու կարիք չունեն։ Աշնանային անձրեւներից հետո անտառամիջյան ճանապարհները ցեխի մեջ են՝ անտառից թափուկի դուրսբերումն էլ է դժվարացել։