«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի հետ կապակցված ընկերությունից Դիլիջանի զբոսայգին խլում են

· Տավուշի Մարզ

«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի հետ կապակցված ընկերությունից Դիլիջանի զբոսայգին խլում են

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը 2025թ․ փետրվարի 28-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Ասեթ Քոնթրոլ Քամփնի» ՓԲԸ-ի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, որպես հետեւանք հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին:

Պատասխանողը 2025 թ․ մայիսի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան է ներկայացրել հայցադիմումի պատասխան՝ միաժամանակ պնդելով, որ հայցը չի կարող քննվել հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու պատճառով, սակայն 2025 թ․ օգոստոսի 28-ի որոշմամբ դատարանը մերժել է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը: Հայցվորը հայտնել է, որ Դիլիջան համայնքի ավագանու 2018 թ. հունիսի 18-ի թիվ 60-Ա որոշմամբ համաձայնություն է տրվել զբոսայգու արդիականացման նպատակով, Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող «Բնակավայրերի հողերից» 6124 քմ մակերեսով հողամասը մրցույթի միջոցով, կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ։ Դիլիջանի համայնքապետը 2018 թ․ հունիսի 29-ի թիվ 310-Ա որոշմամբ` 2018 թ․ հունիսի 30-ին հայտարարել է Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող հողերից 6124.0 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի մրցույթ, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ «Ասեթ Քոնթրոլ Քամփնի» ՓԲԸ-ն։

Մրցույթը կայացել է 2018 թ․ հուլիսի 30-ին։ Մրցութային հանձնաժողովի «Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին» թիվ 1 արձանագրության համաձայն, Դիլիջանի Գետափնյա 19/6 հասցեի 6124 քմ հողամասի՝ զբոսայգու արդիականացման մրցույթի հաղթող է ճանաչվել «Ասեթ Քոնթրոլ Քամփնի» ՓԲԸ-ն։

2018 թ․ հուլիսի 31-ի որոշմամբ՝ 6124 քմ մակերեսով այդ հողամասը զբոսայգու արդիականացման նպատակով, մինչեւ 2030 թ․ դեկտեմբերի 31-ը ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրվել է «Ասեթ Քոնթրոլ Քամփնի» ՓԲԸ-ին։ 2018 թ. սեպտեմբերի 7-ին Դիլիջան համայնքի եւ «Ասեթ Քոնթրոլ Քամփնի» ՓԲԸ-ի միջեւ կնքվել է պայմանագիր, որը նույն օրը վավերացվել է Տավուշի մարզի նոտարի կողմից։ Հայցվորը նշել է, որ պայմանագրի կնքումից հետո անցել է ավելի քան 6 տարի, սակայն ընկերությունը տվյալ հողամասի տարածքում զբոսայգու արդիականացման ուղղությամբ որեւէ աշխատանք չի կատարել։

Դիլիջանի համայնքապետարանն ունի պետական եւ մասնավոր ներդրողի համաֆինանսավորմամբ Դիլիջանի բնակչության առողջ ապրելակերպի զարգացման ծրագիր, որի մասին համայնքապետը 2024 թ․ օգոստոսի 5-ի գրությամբ տեղեկացրել է «Ասեթ Քոնթրոլ Քամփնի» ՓԲԸ-ին եւ խնդրել լուծել 2018 թ․ սեպտեմբերի 7-ին կնքված պայմանագիրը։ 2024 թ․ օգոստոսի 22-ին «Ասեթ Քոնթրոլ Քամփնի» ՓԲԸ-ն հայտնել է, որ նախատեսում է ներգրավել ներդրողներ, լայնածավալ ծրագիր իրականացնել Դիլիջանում ու հարակից տարածքներում եւ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մտադրություն չունի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/866ab7e2e5304c982d7905e15d77de80

© 2008 - 2026 «Հրապարակ օրաթերթ»