Բացահայտիր Տավուշը. Գոշ լիճ․ Տավուշի մարզի անտառային թանկարժեք մարգարիտը

Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում՝ Տավուշի մարզի խիտ ու հարուստ անտառների գրկում է գտնվում բնության ամենագեղեցիկ հուշարձաններից մեկը՝ Գոշ լիճը։
Այն տեղակայված է Գոշ գյուղից մոտ 2.2 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք և հանդիսանում է լեռնային անտառապատ լանդշաֆտի անբաժանելի մասը։
Լիճն առաջացել է բնական սողանքապատվարային գործընթացների արդյունքում, ինչը նրան հաղորդում է յուրահատուկ տեսք և երկրաբանական կառուցվածք։
Գոշ լիճն ունի փոքր, բայց տպավորիչ չափսեր․ նրա հայելու մակերեսը կազմում է մոտ 0,008 քառակուսի կիլոմետր։ Լճի երկարությունը հասնում է 100 մետրի, իսկ լայնությունը՝ 80 մետրի։
Չնայած իր համեստ մակերեսին, լճի առավելագույն խորությունը նախկինում հասել է մինչև 8 մետրի, իսկ ջրի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 1500 խորանարդ մետր։
Այս տվյալները որոշակի փոփոխության են ենթարկվել լճի մաքրման և վերականգնման նպատակով իրականացված ջրի մակարդակի իջեցման աշխատանքներից հետո, սակայն նոր ճշգրիտ հաշվարկները դեռևս ընթացքի մեջ են։
Լիճը սնվում է ինչպես սառնորակ աղբյուրների ջրերով, այնպես էել մթնոլորտային տեղումներով։ Նույնիսկ ամառվա ամենատապ ամիսներին լճի ջրի ջերմաստիճանը մակերևույթին չի գերազանցում 14 աստիճան Ցելսիուսը, ինչը վկայում է դրա լեռնային և զով բնույթի մասին։
Շնորհիվ իրականացված բնապահպանական միջոցառումների՝ լիճն այսօր լիարժեք մաքրվել և վերակենդանացել է։
Այստեղ առկա է հարուստ կենդանական աշխարհ․ լճում բնակվում են մեծ քանակությամբ գորտեր, խեցգետիններ և մանր ձկնատեսակներ, որոնք կազմում են լճի կենսունակ էկոհամակարգի հիմքը։
Գոշ լճի շրջակայքը պակաս հրապուրիչ չէ, քան հենց լիճը։ Այս տարածքում զբոսաշրջիկները կարող են հանդիպել բնության կողմից կերտված բազմաթիվ անձեռակերտ հուշարձանների, այդ թվում՝ տարատեսակ ժայռային գոյացությունների և հանքային աղբյուրների։ Լիճը ոչ միայն էկոլոգիական կարևոր նշանակություն ունի, այլև հանդիսանում է Դիլիջան ազգային պարկի կարևորագույն տեսարժան վայրերից մեկը, որը ձգում է բնության սիրահարներին իր անդորրով և վայրի բնության անաղարտ գեղեցկությամբ։
Կոորդինատներ՝ 40°43′12″N 45°00′58″E