Բացահայտիր Տավուշը. Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի. հայկական ճարտարապետության 7-րդ դարի գոհարը

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մոտ՝ Ոսկեպար գետակի ձախ ափին, բլրալանջին է բարձրանում հայկական միջնադարյան ճարտարապետության կարևորագույն հուշարձաններից մեկը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Այս կանգուն կառույցը, որը պատկանում է Գուգարաց թեմին, իր տեսակով դասվում է «մաստարայատիպ» հուշարձանների շարքին։
Թեև եկեղեցու կառուցման վերաբերյալ հստակ մատենագրական կամ վիմագրական տվյալներ չեն պահպանվել, սակայն ճարտարապետական վերլուծությունը թույլ է տալիս այն թվագրել 6-7-րդ դարերով, ինչը վկայում է դրա վաղմիջնադարյան ծագման մասին։
1975-1977 թվականներին եկեղեցին ենթարկվել է համապարփակ նորոգման, ինչի շնորհիվ պահպանվել է դրա վեհաշուք տեսքը։
Կառույցն ունի խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածք՝ քառակուսի հատակագծով աղոթասրահով, որի կենտրոնական ծավալը պսակված է ութանիստ թմբուկով։ Ճարտարապետական հետաքրքիր լուծում է անցումը գմբեթատակ քառակուսուց գմբեթի բոլորակ հիմքին, որն իրականացված է տրոմպների երեք հաջորդական շարքերով։
Արտաքուստ ուղղանկյուն, իսկ ներսից կիսաշրջանաձև խորանները կցված են գմբեթածածկ քառանկյունի ծավալի նիստերին։ Արևելյան խորանի երկու կողմերում տեղակայված սենյակները զգալիորեն ցածր են հիմնական ծավալից, ինչը շեշտում է կառույցի հարմոնիկ ուրվագիծը։
Եկեղեցու արտաքին տեսքն առանձնանում է պարզությամբ և լակոնիկությամբ։ Հարդարանքից գրեթե զուրկ ճակատների մոնոլիտությունը և մոնումենտալ պատերի հարթությունը բնորոշ են 5-7-րդ դարերի հայկական ճարտարապետական ոճին։
Այնուամենայնիվ, որոշ դեկորատիվ տարրեր ընդգծում են կառույցի գեղագիտությունը. թմբուկի նիստերը մշակված են զույգ սյուների դեկորատիվ կամարաշարով, իսկ արևմտյան և հարավային մուտքերը ձևավորված են զույգ կիսասյուներով և ճակտոնով պսակված շքամուտքերով։
Արևմտյան ճակատակալ քարին պատկերված է զարդարուն խաչ, իսկ լուսամուտներն ունեն պարզ պսակներ։ Ենթադրվում է, որ ներսի պատերը ժամանակին եղել են սվաղված և զարդարված որմնանկարներով։ Տաճարի ամբողջականությունը և համաչափությունների կատարյալ ներդաշնակությունը փաստում են միջնադարյան վարպետների բարձր պրոֆեսիոնալիզմի մասին։
Կոորդինատներ՝ 41°04′25″N 45°04′33″E
