Բացահայտիր Տավուշը. «Արևիկ» հուշարձանը. Տավուշի սահմանապահ «Մայր Հայաստանը»

Այս վեհաշուք կոթողը, որը տեղացիներին հայտնի է նաև որպես «Մայր Հայաստան», գտնվում է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի Կայան թաղամասում՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի անմիջական հարևանությամբ:
Տեղադրվելով 1976 թվականին՝ արձանը կառուցվել է որպես յուրօրինակ պատասխան սահմանի հակառակ կողմում ադրբեջանցիների կողմից տեղադրված մի կոթողի, որտեղ Ադրբեջանը պատկերված էր գերիշխող դիրքում:
Այգեհովիտի նախկին գյուղապետ Հենրիկ Հովսեփյանի վկայությամբ, 1970-ականներին որոշում կայացվեց կանգնեցնել «Արևիկը» այնպիսի բարձր դիրքում, որ այն հստակ տեսանելի լիներ ադրբեջանական բնակավայրերից:
Այս հուշարձանի հեղինակը քանդակագործ Ադիբեկ Գրիգորյանն է: 10 մետր բարձրություն ունեցող կոթողը պատրաստված է ալյումինից՝ հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ: Այն անցել է նախագծման բարդ փուլեր՝ սկսած էսքիզից մինչև վերջնական մոդելավորում: Որպես արձանի կերպարի նախատիպ հեղինակն ընտրել է իր մորաքրոջ դստերը:
Նա մարմնավորում է հայ կնոջ՝ հյուրընկալ մոր կերպարը, ով ձեռքերը պարզած դիմավորում է Հայաստան մուտք գործողներին:
Արձանը եզերող շրջանակը խորհրդանշում է արևի շողերը, ինչից էլ առաջացել է «Արևիկ» անունը: Քանդակագործի նպատակն էր ցույց տալ, որ մարդիկ գալիս են մի արևոտ երկիր, որը հայտնի է իր ժողովրդի ջերմությամբ ու հյուրասիրությամբ:
Չնայած իր նշանակությանը, հուշարձանն ընդգրկված չէ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում: Ժամանակի ընթացքում այն կրել է լուրջ վնասներ. 2014 թվականի սեպտեմբերի 29-ին ուժեղ քամու հետևանքով արձանի կամարը շրջվել է, և այն այժմ գտնվում է մասնակի քանդված վիճակում:
Հուշարձանի աշխարհագրական տեղադրությունը հետևյալն է՝ 41°01'49"N 45°12'16"E: