Ռայխստագի պատերի տակ հնչած հայկական զուռնան. Բերդի թանգարանի եզակի մասունքը

· Տավուշի Մարզ

Ռայխստագի պատերի տակ հնչած հայկական զուռնան. Բերդի թանգարանի եզակի մասունքը

1945 թվականի մայիսյան հաղթական օրերին Բեռլինում՝ Ռայխստագի խոնարհված պատերի տակ, հայկական քոչարիի հնչյունների ներքո պատմական պար բռնեցին հայ ռազմիկները։

Այդ հաղթական մեղեդին հնչում էր մի ինքնաշեն զուռնայից, որն այսօր իր հաստատուն տեղն է գտել Բերդի պատմության և կենցաղի թանգարանի հավաքածուում։

Այս բացառիկ երաժշտական գործիքը պատկանել է 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիայի հետախույզ, ավագ սերժանտ Արշալույս Չիլինգարյանին, ով ծնունդով Տավուշի մարզի Նավուր գյուղից էր։

Արշալույս Չիլինգարյանը, լինելով Հայրենական մեծ պատերազմի ակտիվ մասնակից, իր հետ մարտի դաշտ էր տարել ոչ միայն զենքը, այլև հարազատ լեռնաշխարհի շունչը կրող երաժշտական գործիքը։

Պատերազմի ավարտից հետո նա տասնամյակներ շարունակ խնամքով պահպանել է պատմական զուռնան՝ այն դիտարկելով որպես խաղաղության և հաղթանակի խորհրդանիշ։

Տարիներ անց զուռնան հանձնվել է թանգարանին, որտեղ այն այժմ ներկայացված է որպես ռազմական տարեգրության ամենաարժեքավոր նմուշներից մեկը։ Այս մասունքը ոչ միայն անհատական ճակատագրի պատմություն է, այլև հավաքական հիշողություն, որը վկայում է հայ զինվորի տոկունության և մշակութային անկոտրում ոգու մասին նույնիսկ ամենածանր փորձությունների ժամանակ։