Բացահայտիր Տավուշը. «Անտառի արքա». Դիլիջանի խորհրդավոր ու կենդանի հուշարձանը

· Տավուշի Մարզ

Բացահայտիր Տավուշը. «Անտառի արքա». Դիլիջանի խորհրդավոր ու կենդանի հուշարձանը

«Անտառի արքա» հուշարձանը Դիլիջանի ամենատպավորիչ մշակութային կոթողներից է, որն իր մեջ ներառում է քանդակագործական արվեստի և բնական կենդանի միջավայրի ներդաշնակ համադրությունը:

Այս ինքնատիպ ստեղծագործության հեղինակը հայտնի քանդակագործ Արա Սարգսյանն է: Պատմությունը սկսվում է 1966 թվականին, երբ արվեստագետն իր ընտանիքի հետ հանգստանում էր Դիլիջան քաղաքի անտառապատ լեռան լանջին գտնվող Աղասի Խանջյանի կառուցած կառավարական ամառանոցում:

Տարածքում շրջելիս նա նկատում է մի հսկա սոճի, որի ճյուղերը տարածված էին այնպես, որ հիշեցնում էին կենդանի արարածի:

Դեռևս 1923 թվականին Արա Սարգսյանը ստեղծել էր «Այծեմարդ» փայտե դիմաքանդակը, որը, ըստ հին հունական դիցաբանության, համարվում էր անտառի աստվածային կերպարը, և տեսնելով այս ծառը՝ նրա մոտ միտք է հղանում կենդանացնել այն:

Արդեն 1967 թվականին քանդակագործը ձևափոխում է ծառը՝ դրան տալով նոր տեսք ու անվանելով այն «Անտառի արքա»: Հուշարձանը պատկերում է թագով արքայի գլուխ, որը կերտված է լայն բացված «թևերով» (ճյուղերով) սոճու վրա: Ստեղծագործությունն ունի խորհրդանշական բնույթ՝ մարմնավորելով անտառի տիրոջն ու պահապանին:

Հուշարձանը տարիների ընթացքում ենթարկվել է նաև փորձությունների: 2013 թվականին «Անտառի արքան» վանդալիզմի զոհ էր դարձել և գլխատվել: Սակայն Դիլիջանի Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ և ջանքերով քանդակը հաջողությամբ վերականգնվել է:

Ներկայումս այն գտնվում է կանգուն վիճակում և շարունակում է մնալ որպես Դիլիջանի խորհրդանիշներից մեկը:

Աշխարհագրական կոորդինատներ` 40.730303, 44.839844