Մշակութային նոր օջախ Բերդում. համայնքային պատկերասրահի բացումը

Այսօր՝ մայիսի 15-ին, Բերդի մշակույթի տան առաջին հարկում պաշտոնապես բացվել է համայնքային պատկերասրահ, որը յուրահատուկ հարթակ է դառնալու արվեստագետների և ստեղծագործողների համար։
Համայնքային միջոցներով կառուցված պատկերասրահի բացումն ազդարարող կարմիր ժապավենը կտրելու պատիվն ընձեռվել է համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանին և արվեստագետ Ռոմեո Մելիքյանին:
Բացման խոսքով հանդես է եկել Բերդ քաղաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը:
Համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն իր ելույթում նշել է. «Սիրով շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան իրադարձության առիթով: Բերդ քաղաքում այսուհետ գործելու է համայնքային պատկերասրահ, որտեղ ապրելու են համայնքի հիշողությունները, ավանդույթները, մեր գեղեցիկ բնաշխարհի գույները: Մեր ժամանակի տաղանդավոր մտավորական, արվեստագետ Ռոմեո Մելիքյանի երազանքն էր ունենալ մի վայր, որտեղ ներկայացված կլինեն համայնքի արվեստագետների ստեղծագործությունները:
Համայնքապետարանը սիրով հանձն առավ այդ գաղափարի իրականացումը: Խորին երախտագիտությունս եմ հայտնում Ռոմեո Մելիքյանին: Հպարտ եմ, որ նրա ժամանակակիցն եմ: Շնորհակալություն բոլոր ներկաներին, հյուրերին: Վստահ եմ, որ այս պատկերասրահը կդառնա համերաշխության, ստեղծագործ մտքի կենտրոն»:
Ելույթ են ունեցել նաև Բերդի համայնքային մշակույթի տան տնօրեն Մարիետա Մանուչարյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, արվեստագետ Ռոմեո Մելիքյանը:
Միջոցառման գեղարվեստական մասն ապահովել են «էլեգիա» լարային կվարտետը և Բերդի մշակույթի տան պարային խումբը:
Սուրեն Սաֆարյանը Հայաստանի նկարիչների միության կողմից շնորահակալական խոսք է ուղղել համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանին: Համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանին տրվել է շնորհակալագիր, արվեստագետներին՝ հավաստագրեր:
Բերդի համայնքային պատկերասրահը սերտորեն համագործակցելու է Հայաստանի նկարիչների միության հետ:
Պարբերաբար կազմակերպվելու են նոր ցուցադրություններ, վարպետաց դասեր, այլ միջոցառումներ:
Նշենք, որ համայնքի արվեստագետների ստեղծագործությունները ներկայացնող ցուցադրությունը գործելու է մեկ ամիս: Մուտքն ազատ է:
Տեղեկացնենք նաև, որ պատկերասրահի կառուցումից զատ՝ համայնքապետարանի միջոցներով վերանորոգվել է մշակույթի տան ճակատային հատվածը: