Բացահայտիր Տավուշը. Մահկանաբերդ ամրոց. Տավուշի անառիկ պատվարը

· Տավուշի Մարզ

Բացահայտիր Տավուշը. Մահկանաբերդ ամրոց. Տավուշի անառիկ պատվարը

Մահկանաբերդը միջնադարյան հայկական նշանավոր բերդ-ամրոց է, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, Աճարկուտ գյուղից մոտ 10 կմ հարավ-արևմուտք:

Այն պատմականորեն տեղակայված է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ձորոփոր (Կայան) գավառում՝ Աղստև գետի միջին հոսանքի ավազանում, Կիրանց (Քարհան) ձորի Սամսոն գետակի աջ ափին։

Բերդը կառուցվել է 12-րդ դարում և հանդիսացել է Արծրունիների տոհմի Մահկանաբերդյան ճյուղի նստավայրն ու իշխանանիստ կենտրոնը։

Իր աշխարհագրական դիրքով այն գրեթե անմատչելի է, քանի որ շրջապատված է խոր ձորերով և խիտ անտառներով, իսկ դիմացի լեռնալանջին երևում է Դեղձնուտի վանքը։

Ամրոցի անվան ծագումնաբանությունը բանասիրության մեջ մեկնաբանվում է երկու հիմնական տարբերակով. առաջինը՝ «մահկան+ացու» և «բերդ» բառերից, ինչը խորհրդանշում է մարդկային կյանքի անցողիկությունը, և երկրորդը՝ «մական+ա» և «բերդ», որը կարող է առնչվել իշխանական գավազանի կամ ուժի հետ։

Ճարտարապետական տեսանկյունից Մահկանաբերդը կառուցված է տեղական կոպտատաշ քարերով և կրաշաղախով, ունի հզոր պարսպապատեր և աշտարակներ, որոնք այսօր հիմնականում կիսավեր վիճակում են։

Բերդի ներսում պահպանվել են տարբեր շինությունների, կացարանների և ջրամբարների հետքեր, որոնք վկայում են միջնադարյան պաշտպանական կառույցի բարձր մակարդակի մասին։

Կոորդինատներ՝ 41.0028° N, 45.0061° E

Լուսանկարները` Հուշարձանների պահպանության Տավուշի մարզային ծառայության: