Բացահայտիր Տավուշը. Նոր Վարագավանք. Տավուշի լեռների հոգևոր պահապանը

Հայկական միջնադարյան ճարտարապետության գոհարներից մեկը՝ Նոր Վարագավանքը, վեր է հառնում Տավուշի մարզի գեղատեսիլ անտառների գրկում՝ բարձր ժայռի վրա:
Այս վանական համալիրը ոչ միայն հոգևոր կենտրոն է, այլև պատմական հզոր վկայություն այն ժամանակների, երբ տարածաշրջանը գտնվում էր Վահրամյանների իշխանության ներքո:
Համալիրը գտնվում է Վարագավան գյուղից մոտ 3.5 կմ հարավ-արևմուտք և շրջապատված է խիտ անտառներով ու անմատչելի բնությամբ, ինչն էլ ավելի է ընդգծում նրա վեհությունն ու խորհրդավորությունը:
Վանքի հիմնադրումը կապված է Կյուրիկյան տոհմի հետ, որը Բագրատունիների արքայատոհմի կրտսեր ճյուղն էր:
Համալիրի հիմնաքարը դրել է Դավիթ Բ Կյուրիկյան թագավորը 1193-1198 թվականներին: Հետագայում վանքն ավելի է ընդարձակվել նրա թոռան՝ Վասակ Բ-ի կողմից 1234-1237 թվականներին:

Պատմականորեն այս վայրը ծառայել է որպես Կյուրիկյան իշխանատոհմի տապանատուն, ինչն այն դարձնում է առանձնահատուկ սուրբ վայր հայոց պատմության համար: Կյուրիկյանների թագավորությունը ժամանակին ընդգրկում էր պատմական Գուգարքի, Արցախի և Ուտիքի նահանգները՝ լինելով հայկական պետականության կարևոր սյուներից մեկը:

Ճարտարապետական տեսանկյունից Նոր Վարագավանքն աչքի է ընկնում իր բացառիկ հարստությամբ: Հատկապես շքեղ է ձևավորված գավթի շքամուտքը, որը միջնադարյան հայ քարգործների վարպետության կատարյալ օրինակ է:
Հետաքրքիր մի փաստ էլ կա՝ վանքի պատերին կարելի է տեսնել Արարատյան կողմնակալության հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի զույգ արծիվներով զինանշանը: Ենթադրվում է, որ իշխանը մեծարժեք նվիրատվություն է կատարել վանքին, և ի նշան երախտագիտության՝ նրա տոհմական նշանը փորագրվել է գավթի պատին
Վանական համալիրն իր անունը ստացել է Վասպուրականի հռչակավոր Վարագավանքից: Երբ մոնղոլական արշավանքների պատճառով Վասպուրականի Վարագավանքի հոգևորականները ստիպված եղան լքել իրենց հայրենիքը, նրանք իրենց հետ բերեցին Սուրբ Խաչի մասունքը և ապաստան գտան այստեղ՝ Անապատ կոչվող վայրում, որն էլ հետագայում վերանվանվեց Նոր Վարագավանք: Այսօր այն հանդիսանում է Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց և Տավուշի թեմերի հոգևոր սպասավորության կարևորագույն ուխտատեղիներից մեկը, որտեղ միախառնվում են հավատքը, պատմությունն ու աննկարագրելի բնությունը:
Լուսանկարները` Հուշարձանների պահպանության Տավուշի մարզային ծառայության: