Դիլիջանի համայնքապետը լրագրողների հետ շփվելիս խախտել է վարքագծի կանոնները․ ԿԿՀ-ի եզրակացությունը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը արձանագրել է, որ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը խախտել է վարքագծի կանոնները։
ԿԿՀ-ի եզրակացությունը հրապարակվել է հունիսի 10-ին։
Այսպես՝ ԿԿՀ-ում Դավիթ Սարգսյանի նկատմամբ 2026 թվականի մարտի 12-ին վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ հարուցվել է վարույթ։ Վարույթի շրջանակներում քննարկվել է լրագրողների նկատմամբ ենթադրյալ ոչ հարգալից վերաբերմունքի դրսևորման հարցը։ Նշվում է նաև, որ վարույթի շրջանակներում Դավիթ Սարգսյանը պարզաբանում չի ներկայացրել, սակայն պատշաճ ծանուցված է եղել։
Նշվում է, որ Դիլիջանի համայնքապետը 2025 թվականի հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում մասնակցել է պատարագի, որը Մայր Աթոռի կողմից Սուրբ Էջմիածնի կողմից ճանաչվել է անօրինական, քանի որ այն մատուցվել է կարգալույծ հռչակված քահանայի՝ Ստեփան Ասատրյանի կողմից։ Պատարագից առաջ լրագրողները հարցադրումեր են հնչեցրել Դիլիջանի համայնքապետին։ Ըստ ԿԿՀ-ի՝ Սարգսյանին ուղղված հարցերը վերաբերել են հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաներին։
Լրագրողներից մեկը հարցրել է Դավիթ Սարգսյանին, թե արդյոք կմասնակցի՞ պատարագին, որն ինքը կմատուցի, ինչին ի պատասխան Դավիթ Սարգսյանն արձագանքել է․ «Հլը ցա՛ծր, հլը ցա՛ծր, ինձ հետ էդ տոնով չխոսա՛ս, ի՛»։ ԿԿՀ-ն արձանագրել է, որ լրագրողի հարցը հնչել է բարձր տոնով, իսկ բովանդակությամբ կարող էր ընկալվել որպես հեգնական կամ նույնիսկ սադրիչ։ Միևնույն ժամանակ Հանձնաժողովի գնահատմամբ՝ լրագրողը կարող էր հնչեցնել սուր հարցեր՝ գործածելով իրեն նախընտրելի ոճական մոտեցումները։
Հանձնաժողովը գտել է, որ Դիլիջանի համայնքապետի վարքագիծը տվյալ պարագայում անհամաչափ է լրագրողի վարքագծին և չի համապատասխանում լրագրողի նկատմամբ հարգալից վարքագիծ դրսևորելու վերաբերյալ Վարքագծի կանոնագրքի 51-րդ կետով նախատեսված պահանջին։ Ըստ ԿԿՀ-ի եզրակացության՝ Դավիթ Սարգսյանի տոնայնությունը, նրա դեմքի արտահայտությունը, կեցվածքը ոչ պաշտոնական, ոչ հարգալիր և կոպիտ են եղել։
Հասմիկ Սարգսյան