Ճանաչենք Տավուշի մարզի անվանի մարդկանց. Արամ Մայիլյան. Տավուշի սահմանապահ ոգու և տոկունության մարմնացումը

Արամ Ռուբենի Մայիսյանը հայ քաղաքական, պետական գործիչ, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, գիտնական և ֆիզմաթ գիտությունների թեկնածու է։
Նա ծնվել է 1954 թվականի փետրվարի 6-ին Շամշադինի շրջանի Նավուր գյուղում (այժմ՝ Տավուշի մարզի Իծաքար գյուղ)։
1976 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը, իսկ 1987-ին պաշտպանել թեկնածուական թեզ՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան։
Նա երկար տարիներ զբաղվել է գիտական գործունեությամբ ԵրՊԻ-ում և ԵՊՀ-ում, աշխատել է «Քվանտ» վարժարանում որպես փոխտնօրեն, իսկ 2000-ականներին ղեկավարել է ՀՀ Արդյունաբերության և առևտրի նախարարության Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժինը։
2010 թվականից մինչև կյանքի վերջ՝ 2020 թվականի օգոստոսի 28-ը, աշխատել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմացիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում։
Որպես քաղաքական գործիչ, Արամ Մայիսյանը կանգնած է եղել Հայաստանի անկախ պետականության կայացման ակունքներում։
1988-1989 թվականներին ղեկավարել է Ղարաբաղյան շարժման Սահմանադրական խմբերի Նոր Նորքի շրջանային կառույցը, եղել է ՀՀՇ վարչության անդամ։ 1990-1995 թվականներին հանդիսացել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԳԽ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար և հայ-բրիտանական խորհրդարանական խմբի նախագահ։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեի պետական հանձնաժողովի կազմում համակարգել է օտարերկրյա դիտորդների հետ տարվող աշխատանքները։
1994 թվականին, Սահմանադրության նախագծի և երկրում ավտորիտար համակարգի ձևավորման շուրջ առաջացած գաղափարական տարաձայնությունների պատճառով, մի շարք գործիչների հետ հեռացվել է ՀՀՇ-ից և հիմնադրել «Ազգային առաջադիմություն» պատգամավորական խումբը։ 1995-1999 թվականներին եղել է ԱԺՄ վարչության անդամ և լրատվական ծառայության ղեկավար։
Հետագայում հիմնադրել է «Քաղաքական բանավեճի ակումբը»։ Նա ակտիվորեն պայքարել է երկրի ինքնիշխանության պահպանման համար, դեմ է արտահայտվել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, իսկ 2019 թվականին դարձել է «Քաղաքական լիգա» նախաձեռնության հիմնադիրներից մեկը՝ կազմակերպելով ստորագրահավաք 1921 թ․ Մոսկվայի պայմանագրի չեղարկման համար։
Արամ Մայիսյանն ավելի քան 100 քաղաքական-վերլուծական հոդվածների հեղինակ է՝ նվիրված Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական խնդիրներին։ Որպես գիտնական՝ բազմաթիվ գիտական հոդվածներ է հրատարակել տեղական և միջազգային պարբերականներում կիսահաղորդիչների ֆիզիկայի ու նանոտեխնոլոգիաների թեմաներով։
Նա զբաղվել է նաև գրական գործունեությամբ. նրա պատմվածքները տպագրվել են անգլերեն ամսագրերում, իսկ 2011 թվականին լույս է տեսել նրա հայերեն «Յոթ պատմվածք» գիրքը։
Նա մահացել է 2020 թ. օգոստոսի 28-ին Երևանում (հանկարծամահ)։