Ճանաչենք Տավուշի մարզի անվանի մարդկանց. Հրայր Խորենի Դարբինյան. Վաստակաշատ պատմաբանն ու գիտնականը

Հայ պատմագիտական միտքն ունի իր երախտավորները, որոնց թողած գիտական ժառանգությունն ու մանկավարժական գործունեությունն անջնջելի հետք են թողել սերունդների կրթության և ազգային պատմության լուսաբանման գործում։
Այդպիսի ականավոր դեմքերից է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բնագիտական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Հրայր Խորենի Դարբինյանը։ Նրա կյանքի ուղին և գիտական գործունեությունը սերտորեն կապված են եղել հայրենի երկրի, նրա կրթական համակարգի զարգացման և պատմական ճշմարտությունների վերհանման հետ։
Հրայր Դարբինյանը ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 25-ին Տավուշի (նախկին Շամշադինի շրջանի) Թովուզ գյուղում, որտեղ էլ անցկացրել է իր մանկությունն ու ստացել նախնական կրթությունը։ 1956 թվականին հաջողությամբ ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը՝ նա ընդնունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, ինչն էլ կանխորոշեց նրա ապագա մասնագիտական ուղղվածությունն ու նվիրումը պատմագիտությանը։
Համալսարանն ավարտելուց հետո՝ 1961 թվականին, երիտասարդ պատմաբանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է Ծաղկաձորի №20 գիշերօթիկ դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ, որտեղ ձեռք է բերել մանկավարժական առաջին հմտությունները։ Գիտությամբ խորապես զբաղվելու ձգտումը նրան նորից բերեց հարազատ կրթօջախ, և 1963-1967 թվականներին նա սովորեց Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։
Գիտական ասպարեզում Հրայր Դարբինյանի առաջխաղացումն արդյունք էր նրա անխոնջ աշխատանքի և հետազոտական տաղանդի։ 1967 թվականին նրան շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի, իսկ արդեն 1984 թվականին՝ դոկտորի գիտական աստիճան։ Նրա գիտական բարձր վարկանիշի և միջազգային ճանաչման վկայությունն էր նաև 2000 թվականին ՌԴ բնագիտական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս ընտրվելը։
Զուգահեռաբար զարգանում էր նրա կրթական և խմբագրական գործունեությունը. 1966-1967 թվականներին նա աշխատել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմում որպես ավագ խմբագիր, իսկ 1967-1975 թվականներին՝ Երևանի պետական համալսարանում որպես դոցենտ։
Գիտնականի կյանքի հաջորդ կարևոր փուլը կապված էր Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի (ներկայիս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) հետ, որտեղ նա աշխատանքի է անցել 1975 թվականից։ Այստեղ նա 1985 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում, իսկ 1988 թվականից ստանձնել ինստիտուտի պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչի պատասխանատու պաշտոնը՝ երկար տարիներ կրթելով ու ոգեշնչելով ապագա տնտեսագետների բազում սերունդների՝ նրանց մեջ սերմանելով հայրենասիրություն և պատմական խորը գիտելիքներ։
Հրայր Դարբինյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը չափազանց լայն էր և ընդգրկուն։ Նա հեղինակ է մի շարք արժեքավոր մենագրությունների, գրքերի, գիտական ու հրապարակախոսական հոդվածների, ինչպես նաև զեկուցումներով հանդես է եկել բազմաթիվ միջազգային ու հանրապետական գիտական կոնֆերանսներում և նստաշրջաններում։
Նրա հետազոտությունների առանցքում եղել են հայ ժողովրդի ընդհանուր պատմության հիմնահարցերը, Երկրորդ և Երրորդ Ինտերնացիոնալների ու Անդրկովկասի, մասնավորապես Հայաստանի փոխհարաբերությունների բարդ ու բազմաշերտ պատմությունը։ Լինելով իր հայրենի ծննդավայրի նվիրյալ զավակը՝ նա առանձնահատուկ անդրադարձ է կատարել նաև Տավուշի պատմությանը՝ հրատարակելով արժեքավոր հոդվածներ 1905-1906 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած հայ-թաթարական ընդհարումների և հայրենի գյուղի անցյալի վերաբերյալ։
Մեծանուն գիտնականը, մանկավարժն ու հայրենասեր մտավորականը կյանքից հեռացավ 2004 թվականին Երևանում՝ իրենից հետո թողնելով հարուստ գիտական ժառանգություն և բարի անուն, որը վառ կմնա նրան ճանաչողների, գործընկերների և հազարավոր ուսանողների սրտերում։