Բացահայտիր Տավուշը. Հաղարծին. Տավուշի մարզի պատմամշակութային և բնական հարուստ ժառանգությամբ խոշոր բնակավայրը

Հաղարծինը (մակերեսը՝ 36.7 կմ²) գյուղ է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում՝ Աղստև գետի ափին, Իջևան-Հրազդան երկաթուղու վրա:
Բնակավայրը գտնվում է մարզկենտրոն Իջևանից 23 կմ հարավ-արևմուտք, Դիլիջանից՝ 12 կմ, իսկ Երևանից՝ 110 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 1050 մետր բարձրության վրա: Գյուղը տեղակայված է բարեխառն գոտում. ամռանը միջին ջերմաստիճանը +19 °C է, ձմռանը՝ -2 °C: Հաղարծինը բնակչության քանակով Հայաստանի 953 գյուղերի ցուցակում զբաղեցնում է 23-րդ տեղը (1985 թվականին 5-րդն էր):
Գյուղի հյուսիս-արևելքում է բարձրանում Միափորի լեռնաշղթայի Աբեղաքար լեռը (2050 մ): Բնակավայրը ներառված է «Դիլիջան» ազգային պարկի տնտեսական գոտում, որն ընդգրկում է 28 002 հա տարածք (որից 26 010 հա-ն՝ անտառածածկ):
Իջևանի տարածաշրջանը, որտեղ գտնվում է գյուղը, բնակեցված է եղել դեռևս Բրոնզե դարում:
Արշակունիների թագավորության անկումից հետո Աղստևի հովիտն անցել է պարսիկների իշխանության տակ՝ մտնելով Մեծ Հայքի Գուգարք մարզի Կայեն աշխարհի (Սևորդյաց երկիր) մեջ:
XII-XIV դարերում՝ Արծրունիների և Զաքարյանների իշխանության օրոք, տարածաշրջանը մեծ ծաղկում է ապրել, կառուցվել են Հաղարծինի, Գոշավանքի, Մակարավանքի, Առաքելոց, Կիրանց և Ջուխտակ վանքերը: Հաղարծինի համալիրի հետ է կապված միջնադարի հոգևոր գործիչ Խաչատուր Տարոնացու անունը, ում հիմնադրած դպրոցում ուսուցանում էին նաև երաժշտություն՝ հին հայկական նոտաներով (խազերով): Գյուղի տարածքը պատմականորեն մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ: Ժամանակակից գյուղը հիմնադրվել է 1815 թվականի օգոստոսի 11-ին Ծար Արծրունի իշխանի կողմից, և անունը եղել է Ջարխեչ: Ըստ Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանի»՝ «խեջ» նշանակում է նեցուկ, հենարան, այսինքն՝ Ծար իշխանի հենարան: 19-րդ դարի սկզբին ունենալով 35 ծուխ՝ մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ: Խորհրդային տարիներին վերանվանվել է Կույբիշև, իսկ 1991 թվականի ապրիլի 3-ին ստացել է Հաղարծին անվանումը:
Գյուղի տարածքը հարուստ է հնագիտական և հոգևոր կառույցներով: Աղստև գետի աջ ափին է գտնվում Անդրիհող տարածքը, որտեղ կան մ.թ.ա. 4-րդ հազարամյակի հայկական գերեզմաններ: Գյուղից 2 կմ արևելք գտնվում է Քսանջուր գյուղատեղին, Սուրբ Կարապետ կիսավեր վանքը և Սուրբ Սարգիս մատուռը:
Գյուղում է գտնվում նաև 1846 թվականին Ոսկան քահանայի կողմից կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը վերանորոգվել է 2025 թվականին և այժմ գործող է: Ըստ ոչ ստույգ տվյալների՝ Գագիկ Ա թագավորի կինը՝ Կատրանիդե թագուհին, թաղված է Հաղարծին-Ջարխեչ տարածքում, իսկ Բագրատունյաց թագավոր Սմբատ Ա-ն (Սմբատ Նահատակ) թաղվել է Հաղարծին վանական համալիրում:
Գյուղի առաջին բնակիչները 1815 թվականին տեղափոխվել են Իջևանի Աչաջուր գյուղից (7 ընտանիք՝ Թամրազյաններ, Աղաջանյաններ, Հովհաննիսյաններ, Բեգլարյաններ և այլն), որոնց մի մասն էլ նախկինում գաղթել էր Արցախի Վանք, Տիզակ (Դիզակ) և Դրմբոն գյուղերից: Բնակչությունը ժամանակի ընթացքում աճել է. 1873-ին՝ 371, 1897-ին՝ 1304, 1926-ին՝ 2136, 1939-ին՝ 2655, 1959-ին՝ 2811, 1970-ին՝ 3357, 1989-ին՝ 4497, 2001-ին՝ 3842, իսկ 2011 թվականի մարդահամարով՝ 3791 մարդ (2012-ին՝ 3784): 1985 թվականի տվյալներով գյուղի բնակչությունը Թեղուտի հետ միասին կազմել է 6940 մարդ (տարածքը՝ 143.5 հա):
Բնակչության հիմնական զբաղմունքն է անասնապահությունը, խոզաբուծությունը, դաշտավարությունը, ծխախոտագործությունը, այգեգործությունը և բանջարեղենի մշակությունը: Գյուղի տնտեսությունը 1960-ականներին մեծ զարգացում է ապրել Մաթևոս Խաչատուրի Թամրազյանի ղեկավարման օրոք, իսկ 1972-1980 թվականներին վերընթաց է ապրել Բաբկեն Սերգոյի Արզումանյանի ղեկավարման տարիներին:
1985 թվականին մշակված հատակագծով Հաղարծինը դիտարկվել է որպես առողջարանային գոտու հեռանկարային տարածք. գետի ողողահունում կառուցված են եղել արդյունաբերական կետեր, մաքրման կայան, իսկ Աղստևի ձախ ափով անցնում էր երկաթգիծը՝ «Կույբիշև» կայարանով:
Աշխարհագրական կոորդինատները՝ 40°47′33″N 44°58′12″E: