Բացահայտիր Տավուշը. Բաղանիս․ Տավուշի սահմանապահ ու հնամենի անկյունը

· Տավուշի Մարզ

Բացահայտիր Տավուշը. Բաղանիս․ Տավուշի սահմանապահ ու հնամենի անկյունը

Բաղանիս գյուղը, որը պատմական աղբյուրներում հայտնի է նաև Բաղանիս Հայ անվանմամբ, հայկական ինքնության, դարավոր պատմության ու տոկունության լուսավոր մի անկյուն է, որը տեղակայված է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարգում՝ հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։

Վարչականորեն այն ընդգրկված է խոշորացված Նոյեմբերյան համայնքի կազմում, իսկ վարչական ղեկավարն է Գևորգ Սահակյանը։ Գյուղի պաշտոնական լեզուն հայերենն է, որով դարեր շարունակ կերտվել է տեղի բնակիչների հոգևոր ու մշակութային կյանքը։

Բնության գրկում ծվարած Բաղանիսը տեղաբաշխված է Տավուշի մարզի հյուսիսարևելյան հատվածում՝ իր անունը կրող Բաղանիս գետի գեղատեսիլ հովտում։ Ծովի մակերևույթից 850 մետր բարձրության վրա գտնվող այս բնակավայրն աչքի է ընկնում մերձարևադարձային մեղմ ու հաճելի կլիմայով։ Գյուղն ունի ընդարձակ՝ 1259 կմ² տարածք։

Այն մարզկենտրոն Իջևանից գտնվում է 32 կմ հյուսիս-արևմուտք, իսկ հարևան Ոսկևան գյուղից՝ ընդամենը 2 կմ հարավ։

Բաղանիսի հողն ու քարերը շնչում են հնամենի պատմությամբ։ Գյուղի տարածքում առկա են բազմաթիվ պատմամշակութային արժեքավոր հուշարձաններ, որոնցից 8-ն ընդգրկված են պետական պահպանության տակ գտնվող հուշարձանների ցանկում։ Գյուղից 1 կմ հարավ-արևմուտք՝ դեպի Ոսկեպար տանող ճանապարհի ձախ եզրին բարձրացող կլոր բլրի վրա, վեր է խոյանում մ.թ.ա. 2-րդից 1-ին հազարամյակներով թվագրվող «Բաղանիս» հնագույն ամրոցը, ինչպես նաև նույն տարածքում գտնվող և մ.թ.ա. 2-րդ հազարամյակից մինչև ուշ միջնադար ձգվող պատմական բնակատեղին։

Գյուղի եզրին խաղաղ կանգնած է 12-ից 13-րդ դարերով թվագրվող եկեղեցին, իսկ հյուսիսային եզրի բլրալանջին է գտնվում վաղմիջնադարյան ճարտարապետության բացառիկ կոթողներից մեկը՝ 4-ից 5-րդ դարերում հիմնադրված Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի շուրջ տարածված է 19-ից 20-րդ դարերի պատմական գերեզմանոցը։

Ջուջևան-Բաղանիս ճանապարհի հարավային կողմում տեղադրված են միջնադարյան քարագործության փայլուն նմուշներ հանդիսացող 12-ից 13-րդ դարերի 2 խաչքարեր, իսկ գյուղի կենտրոնական հատվածում 1965 թվականին կանգնեցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հերոսաբար զոհված բաղանիսցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը։

Բաղանիսի բնակչությունն ունի խոր արմատներ. տեղացիները հայեր են, որոնց նախնիների մի մասը 18-րդ դարում այստեղ է վերաբնակվել Արցախից՝ իրենց հետ բերելով արցախցու տոկունությունն ու աշխատասիրությունը։ Պատմական աղբյուրներն արձանագրել են բնակչության թվաքանակի հետևողական աճը․ 1831 թվականին գյուղն ունեցել է 134 բնակիչ, 1873-ին՝ 285, 1897-ին՝ 475, 1926-ին՝ 495, 1939-ին՝ 699, 1959-ին՝ 687, 1970-ին՝ 855, 1979-ին՝ 873, 1989-ին՝ 967, իսկ 2001 թվականին՝ 871 բնակիչ։

Հայաստանի 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ Բաղանիսի մշտական բնակչությունը կազմել է 893 մարդ, իսկ առկա բնակչությունը՝ 716 մարդ։

Բաղանիսցիներն աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ։ Գյուղի տնտեսության հիմնական հենսայունը գյուղատնտեսությունն է․ բնակիչներն ակտիվորեն զբաղվում են անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, ինչպես նաև առատ բերք տվող բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Բացի մշակովի հողերից, Բաղանիսի բնությունը հարուստ է նաև ընդերքի բնական պարգևներով․ գյուղի տարածքում բղխում են առողջարար ու կենսատու հանքային աղբյուրներ։

Կոորդինատները` 41°7'0"N 45°4'0"E