Բացահայտիր Տավուշը. Սրվեղի վանք. 13-րդ դարի աղյուսաշեն ճարտարապետության բացառիկ նմուշը Տավուշում

Սրվեղի վանքի ճարտարապետական համալիրը հանդիսանում է ուշ միջնադարյան հայկական շինարարական արվեստի եզակի նմուշ, որտեղ համադրվել են ավանդական հորինվածքային ձևերն ու տեղական շինանյութի յուրահատկությունները։
Համալիրի գլխավոր կառույցը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, կառուցվել է 1252 թվականին, ինչի մասին վկայում են պատերին պահպանված վիմական արձանագրությունները։ Կառույցն իր տիպաբանությամբ պատկանում է գմբեթավոր դահլիճների դասին, սակայն նրա գիտական և գեղագիտական առավելագույն արժեքը պայմանավորված է աղյուսաշեն կոնստրուկցիաներով։
Ի տարբերություն Հայաստանի լեռնային շրջաններում տարածված տուֆակերտ կամ բազալտակերտ տաճարների, Սրվեղի վանքի հիմնական ծավալը իրականացված է թրծված մանր աղյուսով, իսկ սրբատաշ քարն օգտագործվել է միայն հիմնախարսխային հատվածներում, որմնասյուների խարիսխներում և խոյակներում։

Եկեղեցու հատակագծային հորինվածքը ներքուստ խաչաձև է, արևելյան կողմում ավարտվում է կիսաշրջանաձև ավագ խորանով, որի երկու կողմերում տեղադրված են երկհարկանի ավանդատները։ Գմբեթը հենվում է երկու հզոր որմնամույթերի և խորանի անկյունային պատերի վրա՝ անցումը քառակուսի հիմքից դեպի շրջանաձև թմբուկ իրականացնելով առագաստների միջոցով։ Թմբուկը ներքուստ և արտաքուստ գլանաձև է, զարդարված դեկորատիվ կամարաշարով, որն ընդգծում է կառույցի ուղղահայաց ձգվածությունը։


Հատկանշական է նաև կառույցի արտաքին հարդարանքը, որտեղ աղյուսների դասավորվածությունը ստեղծում է ինքնատիպ ռիթմիկ պատկերներ։
Համալիրի տարածքում գտնվող երկրորդ եկեղեցին՝ Սուրբ Նշանը, ներկայումս գրեթե ավերված է, սակայն պահպանված հետքերը թույլ են տալիս ենթադրել, որ այն եղել է միանավ թաղակապ մատուռ։
Վանքի շուրջը տարածվող գերեզմանոցում առկա են 13-17-րդ դարերի տապանաքարեր և խաչքարեր, որոնք կարևոր աղբյուր են տարածաշրջանի ժողովրդագրության և էպիգրաֆիկայի (վիմագրության) ուսումնասիրման համար։

Յուրահատուկ հետաքրքրություն են ներկայացնում նաև վանական բնակելի խցերի և օժանդակ կառույցների մնացորդները, որոնք վկայում են միջնադարում այստեղ գործող աշխույժ միաբանության մասին։
Սրվեղի վանքը ոչ միայն պաշտամունքային կառույց է, այլև ինժեներական մտքի հուշարձան, որը ցույց է տալիս, թե ինչպես է հայ շինարարը հարմարվել տեղական հումքին՝ չնահանջելով ազգային ճարտարապետական կանոններից։
Կոորդինատներ` 40.9491, 45.2494:
Լուսանկարները` Հուշարձանների պահպանության Տավուշի մարզային ծառայության: