Բացահայտիր Տավուշը. Դովեղ․ սահմանամերձ բնակավայր Տավուշում

Դովեղը գյուղ է Հայաստանի Տավուշի մարզում՝ նախկին Նոյեմբերյանի շրջանում, Նոյեմբերյան քաղաքից մոտ 2 կմ արևելք: Գյուղի անվան ծագման վերաբերյալ կան տարբեր բացատրություններ. ըստ մի վարկածի՝ հնում բնակավայրի անվանումը եղել է Դավեղ, որը նշանակում է «դեպի վեր»: Հարևան ադրբեջանցիներն այն անվանել են Բալաքենդ, որը թարգմանաբար նշանակում է «փոքր շեն»:
Բնակավայրի բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը պատմական տարբեր ժամանակահատվածներում գաղթել է Արցախից: Դովեղի բնակչությունը 19-րդ դարի երկրորդ կեսից ի վեր ունեցել է աճի միտում. 1873 թվականին գյուղն ունեցել է 201 բնակիչ, 1897-ին՝ 351, 1926-ին՝ 370, 1939-ին՝ 506, 1959-ին՝ 514, 1970-ին՝ 525, 1979-ին՝ 576, իսկ 1989 թվականին բնակչության թիվը հասել է 642-ի: 2001 թվականին արձանագրվել է 602 բնակիչ, իսկ 2011 թվականի մարդահամարի տվյալներով մշտական բնակչությունը կազմել է 534 (առկա բնակչությունը՝ 523) մարդ:
Հետագա տարիներին փաստացի բնակվողների թիվը կազմել է 500-ից պակաս:
Գյուղատնտեսության ոլորտում բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և մասամբ այգեգործությամբ: Տարածքը հարուստ է նաև բնական ռեսուրսներով. Դովեղի տարածքում կան ֆելզիտի հանքավայրեր:
Բնակավայրը հարուստ է պատմամշակութային արժեքավոր կոթողներով: Դովեղից 4 կմ հարավ-արևելք գտնվում է XVI-XIX դարերով թվագրվող Սուրբ Սարգիս վանական համալիրը, իսկ 6 կմ հարավ տարածվում է XVI-XVII դարերի «Արի գեղ» պատմական գյուղատեղին:
Տեղակայում և կոորդինատներ
Տեղակայում՝ Հայաստան, Տավուշի մարզ, Նոյեմբերյանի տարածաշրջան
Աշխարհագրական կոորդինատներ՝ 41°11'0"N 45°2'0"E