«Ոսկեպացիներին նախապատրաստում են ադրբեջանցիներին դրկից լինելուն»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերին Ոսկեպարը հանձնելու են, այլընտրանքային ճանապարհի հիմնանորոգմանը 14 միլիարդ 670 միլիոն դրամ են հատկացրել:
Մայիսի 30-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղում նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղի հրապարակում հավաքված ոսկեպարցիներինասաց, որ ամենակարևոր գործերից մեկը համարում է սահմանազատման գործընթացը ավարտին հասցնելը, որպեսզի ոսկեպարցի երեխաների համար կիսատ գործ չթողնեն:
Փաշինյանը Կիրանց գյուղի օրինակով ոսկեպարցիներին փորձեց համոզել, որ սահմանազատման հետևանքով Ադրբեջանի սահմանի մոտենալով անվտանգության համար ռիսկերը չեն մեծանում, ասելով' հիմա 21-րդ դարն է, կապ չունի' սահմանից 30 մետր ես հեռու, թե 300 մետր, 30, թե 300 կիլոմետր, սահմանից 1000 կմ հեռու, տանն նստած հեռուստացույց են նայում, պատուհանից ԱԹՍ-ն ներս է ընկնում: Այսպես նա ոսկեպարցիներին սովորեցնում էր, որ սահմանազատման շարունակության հետևանքով անկլավ հանդիսացող Վերին Ոսկեպարի հանձնումով' Ադրբեջանը կարող է իրենցից 30 մետր հեռավորությամբ հաստատվել: Նա նաև հայտարարեց, թե պետական աջակցությամբ 21 միլիոն դրամ արժեքով, վարկային ֆինանսավորմամբ Ոսկեպարում կառուցված առանձնատները Ադրբեջանի տարածքին ամենամոտ հատվածում են կառուցվել: Այդ խոսքերով Փաշինյանը ոսկեպացիներին զգուշորեն նախապատրաստում էր ադրբեջանցիներին իրենց դրկից հարևան տեսնելուն:
Սահմանազատման շարունակության դեպքում Ադրբեջանին կհանձնվեն ոչ միայն Վերին Ոսկեպարի տարածքը, այլ նաև միջպետական ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածի որոշ տեղեր: Դրանից հետո Տավուշի մարզկենտրոն Իջևանի տրանսպորտային կապը Նոյեմբերյան համայնքի հետ կդժվարանա: Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին այլընտրանքային ճանապարհ է Ենոքավան-Կարմիրգյուղ-Ջուջևան ավտոճանապարհը, որի 6,3 կիլոմետր հատվածը կառուցվել է 2024 թվականին, ճանապարհի մնացած, մեծ հատվածը պետք է կառուցապատվի:
Տեղեկություններ եմ ստացել, որ ավելի քան երկու ամիս է, ինչ չափագրողներ են աշխատում այդ ճանապարհը կառուցապատելու համար: Հունիսի 22-ին տեղեկատվական հարցում եմ ուղարկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին. «Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհի ընդամենը 6,3 կմ-ն է կառուցվել 2024 թվականին: Այդ ճանապարհի մնացած հատվածի չափագրման, նախագծման, նախահաշվի կազմման աշխատանքները ե՞րբ են սկսվել, ինչքա՞ն ժամանակ կտևեն: Ե՞րբ է այդ ճանապարհի մնացած հատվածի շինարարության մրցույթ հայտարարվելու, ինչքա՞ն գումար է նախատեսված դրա շինարարության համար»: Հունիսի 29-ին ստացել եմ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանի ստորագրությամբ պատասխան. «Հայտնում ենք, որ Հ26, /Մ4/-Ենոքավան-Կարմիրգյուղ(գյուղատեղի)- /Մ16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 6+300-կմ 71+800 հատվածի հիմնանորոգման նախագիծը պատրաստ է:
Շինարարության մրցույթը կայացել է: Մոտ 67 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են: Շինաշխատանքերի պայմանագրային արժեքը 14 670 000 000 դրամ է»: Նույն նախարարությունից տեղեկացել եմ, որ այդ աշխատանքները տևելու են 3 տարի, ճանապարհը հիմնանորոգելու է «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ն: Ամեն փոքր գործից քարոզչական մեծ աղմուկ բարձրացնող իշխանությունը 67 կիլոմետր երկարությամբ, 14 միլիարդ 670 միլիոն դրամ արժեքով ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մասին հանրությանը չի տեղեկացրել: Դրա պատճառն այն է, որ հանրությունը իմանալով Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին այլընտրանք հանդիսացող Ենոքավան-Կարմիրգյուղ-Ջուջևան ավտոճանապարհի հիմնանորոգման մասին, կանհանգստանա, որ առաջիկայում սահմանազատման շարունակությունով Ադրբեջանին են հանձնվելու նախկինում ադրբեջանական անկլավ Վերին Ոսկեպարը, Կիրանց-Ոսկեպար ճանապարհի շատ հատվածներ: Այդ հանձնումը Հայաստանի համար մեծ վտանգներ է պարունակում»։