Բացահայտիր Տավուշը. Կիրանցի Արցախյան ազատամարտի հուշահամալիր

· Տավուշի Մարզ

Բացահայտիր Տավուշը. Կիրանցի Արցախյան ազատամարտի հուշահամալիր

Տավուշի մարզի Կիրանց գյուղում է գտնվում Արցախյան ազատամարտի զինվորական հուշահամալիրը: Այն նվիրված է 1989-1991 թվականների հայ-ադրբեջանական զինված ընդհարումների, 1991-1994 թվականների Արցախյան ազատամարտի, հետագա տարիների սահմանային բախումների և 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված ազատամարտիկներին ու զինծառայողներին:

Հուշահամալիրը կառուցվել է 1996 թվականին և ունի հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ:

Հուշահամալիրը տեղակայված է Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի ձախ կողմում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ: Կենտրոնում կանգնեցված է տուֆակերտ քանդակ, որի երկու կողմերում տեղադրված են Կիրանց և Աճարկուտ գյուղերից մարտերի մեկնած ու զոհված հերոսների դիմանկարներով հուշաքարերը: Հուշահամալիրի դիմաց գտնվում է փոքրիկ պուրակ, որը միաժամանակ ծառայում է որպես եկեղեցու բակ:

Նույն տարածքում է տեղադրված նաև 1964 թվականին կառուցված Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողը:

Հուշահամալիրի աշխարհագրական կոորդինատներն են 41°03'02"N 45°06'05"E: