Բացահայտիր Տավուշը. Լճկաձոր․ բնակավայր Տավուշի մարզում

Լճկաձորը գյուղ է Հայաստանի Տավուշի մարզում՝ Նոյեմբերյանի տարածաշրջանում:
Այն տեղակայված է Նոյեմբերյան քաղաքից մոտ 7 կմ արևմուտք՝ Դեբեդ գետի աջափնյակում: Գյուղի բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը 1828-1829 թվականներին գաղթել է Խոյի գավառից:
Ըստ 2011 թ. մարդահամարի՝ մշտական բնակչությունը կազմել է 433 մարդ, իսկ 2025 թ. տվյալներով՝ 457 մարդ:
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ և մեղվաբուծությամբ: Լճկաձորն անվանում են «400 մեղվաընտանիքների և 400 մեղվի պես աշխատող մարդկանց գյուղ»:
Տարածքը հարուստ է պատմական հուշարձաններով. 3 կմ արևելք գտնվում է 18-րդ դարի «Խեչի ձոր» մատուռը, 1 կմ հյուսիս-արևելք՝ մ.թ.ա. 2-1-ին հազարամյակի «Դանիելի» ամրոցն ու մ.թ.ա. 1-ին հազարամյակի դամբարանադաշտը, իսկ հյուսիս-արևմուտքում՝ մ.թ.a. 3-րդ հազարամյակի «Արքունի» ամրոցը:
Գյուղում են գտնվում 19-րդ դարի Սուրբ Սարգիս եկեղեցին, 19-րդ դարի գերեզմանոցը, 1979 թ. կառուցված Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը, ինչպես նաև 1931 թ. կառուցված «Հեռու ջուր» աղբյուրը:
Աշխարհագրական կոորդինատներն են` 41°10'0"N 44°55'0"E