Տավուշ–Շվեդիա համագործակցության նոր հնարավորություններ. ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Էվա Սունդքուիսթին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Տավուշի և Շվեդիայի որևէ տարածաշրջանի կամ համայնքի միջև բարեկամական և գործընկերային հարաբերություններ հաստատելու հնարավորությունները։
Տավուշն արդեն ունի եվրոպական գործընկերների հետ համագործակցության հաջող փորձ, և այս փորձը կարող է նոր ուղղություններով զարգանալ նաև Շվեդիայի հետ։
Համագործակցության հեռանկարային ուղղություններն են՝ անտառների կառավարում, ժամանակակից գյուղատնտեսություն, սննդի վերամշակում, զբոսաշրջություն, նորարարություն և բիզնեսի զարգացում։
Քննարկվել են նաև Տավուշի արտադրողների համար եվրոպական շուկաներ մուտք գործելու, շվեդական ընկերությունների հետ ուղիղ գործարար կապեր ստեղծելու, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների և սարքավորումների ներդրման հնարավորությունները:
Շվեդիայի փորձն ու տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից բիզնեսին տրամադրվող աջակցության ծրագրերը կարող են կարևոր հիմք դառնալ նոր նախաձեռնությունների իրականացման համար։
Հաջորդ փուլում նախատեսվում է գործընկերության ձևաչափից անցնել կոնկրետ համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների։
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով՝ որպես բարեկամական և գործընկերային հարաբերությունների խորհրդանշական դրսևորում։