Անցած 5 տարում Դիլիջանում այդ գործերը չէին արվում, ընտրությունները մոտեցան, գործերն արվեցին. Ոսկան Սարգսյան

· Հայաստան

Անցած 5 տարում Դիլիջանում այդ գործերը չէին արվում, ընտրությունները մոտեցան, գործերն արվեցին. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անցած 5 տարում Դիլիջանում այդ գործերը չէին արվում, ընտրությունները մոտեցան, գործերն արվեցին:

Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը սեպտեմբերի 10-ին Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է տեղադրել, դրան կից գրառել, որ Դիլիջանի մշակույթի պալատի շենքում վերանորոգմանաշխատանքները վերսկսվել են: Օգոստոսի 29-ին էլ համայնքի ղեկավարը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է տեղադրել երկաթյա խողովակ-հենասյուների, մետաղյա փոքր դարպասի տեղադրման մասին ու կից գրառել , որ Դիլիջան համայնքի աղբավայրը ցանկապատվում է: Դավիթ Սարգսյանը Դիլիջան համայնքը ղեկավարում է 2021թ. փետրվարի 26--ից, նա անցած 5,5 տարում Դիլիջան համայնքի համար կարևոր շատ խնդիրներ չի լուծել: Դրանք մասամբ լուծվում են հոկտեմբերի 25-ին կայանալիք Դիլիջան համայնքի ավագանու համամասնական ընտրություններից առաջ: Այդ խնդիրները լուծում են, որպեսզի այդ ընտրություններում ՔՊ-ն հաղթի:

Դիլիջան քաղաքի կենտրոնում հառնող մշակույթի պալատում նորոգմանաշխատանքները «Արտդիանշին» ՍՊԸ-ն 2022թ. դեկտեմբերին է սկսել, սակայն այդ գործը ձախողել է, նորոգումը կիսատ է մնացել: Այդ սուբվենցիոն ծրագրի արժեքը շուրջ 283 միլիոն դրամ է, գումարի 60 տոկոսը Դիլիջան համայնքի ներդրումն է, մնացածը' պետական բյուջեի: Մշակույթի պալատում տեղակայված է քաղաքային գրադարանը, որի հազարավոր գրքեր պարկերի մեջ դարսված' գտնվում են պալատի առաջին հարկում: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին դեռևս 2024-ին հարցում եմ արել մարզում հետաձգված սուբվենցիոն ծրագրերի մասին:

Մարզպետարանից հայտնել են. «ՀՀ Տավուշի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը մշտադիտարկվում են ինչպես մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի, այնպես էլ ՏԿԵՆ-ի համապատասխան մասնագետների կողմից: 2024 թվականին մշտադիտարկման են ենթարկվել ինչպես 2024 թվականի, այնպես էլ նախորդ տարիներին հաստատված և 2024 թվական տեղափոխված ծրագրերը: Մշտադիտարկման թիվը գերազանցում է 250-ը, ծրագրերից մեկում առկա է ժամկետի ուշացում (Դիլիջանի մշակույթի տան հիմնանորոգում), որի համար ձեռնարկվել են միջոցներ' 2025 թվականի առաջին եռամսյակում ավարտելու համար»:

2026թվականի սեպտեմբերն է, նոր են վերսկսել Դիլիջանի մշակույթի պալատի նորոգումը: Կարևոր հիմնախնդիր է նաև Դիլիջան համայնքի աղբավայրի վատ վիճակը: Դիլիջանի աղբավայրը ցանկապատված չէ, այնտեղ առկա քիմիական,թունավոր նյութերով սնվում են աղբավայրում արածող կովերը: Այդ աղբավայրում հաճախ հրդեհներ են լինում, դրանք պատահական չեն բռնկվում:

Աղբավայրի հրդեհների հետևանքով ծուխը, ծանր հոտը տարածվում են միջպետական ավտոճանապարհին ,Աղստև գետի հովտում:

Փրկարար ծառայությունը, Էկոպարեկային ծառայությունը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարտավոր են Դիլիջանի աղբավայրի հաճախակի հրդեհների կապակցությամբ համարժեք միջոցներ ձեռնարկել, սակայն չեն ձեռնարկում»: