Բացահայտիր Տավուշը. Սամսոնավանքի պատմամշակութային համալիրը

Տավուշի մարզի Կիրանց գյուղից 15 կմ հարավ-արևմուտք՝ Խնձորուտ կոչվող անտառապատ սարահարթի վրա է գտնվում 12-13-րդ դարերի Սամսոնավանք (Սամսոնի վանք) վանական համալիրը:
Պատմականորեն այն մտել է Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Կայեն գավառի մեջ: Համալիրը կառուցված է մոխրագույն ավազաքարով, սրբատաշ քարերով ու կրաշաղախով և բաղկացած է երկու եկեղեցուց, մատուռից, գերեզմանատնից ու օժանդակ շինություններից:
Գլխավոր (մեծ) եկեղեցին գմբեթավոր է, համրյա կանգուն, իսկ ներսի պատերին պահպանվել են կրոնական որմնանկարների մնացորդներ: Հարավային կողմում գտնվող փոքր եկեղեցին թաղակապ միանավ դահլիճ է՝ որմնանկարների հետքերով և արևմտյան պատին անթվակիր վիմագիր արձանագրություններով:
Հյուսիսային կողմում տեղակայված է կիսավեր մատուռը, որի պատերին փորագրված են նվիրատվական արձանագրություններ: Շրջակայքում պահպանվել են միջնադարյան գերեզմանոցը և Սամսոնի գյուղատեղին:
Կոորդինատներ՝ 40°58'29"N 45°02'11"E (40.9747°N 45.0364°E)