Բացահայտիր Տավուշը. Բերդի «Սորանների» դենդրոպարկ

Տավուշի մարզի Բերդ քաղաքի հարավային բարձունքում է գտնվում Հայաստանի չորս դենդրոպարկերից մեկը՝ Բերդի «Սորաններ» դենդրոպարկը: Այն զբաղեցնում է 62.17 հա հողատարածք և տեղակայված է ծովի մակերևույթից 1050-1090 մետր բարձրության վրա:
Այգին գտնվում է ՀՀ ԲՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության ներքո:
Դենդրոպարկը հիմնադրվել է 1962 թվականին Շամշադինի շրջկոմի քարտուղար, Հայկական ԽՍՀ Անտառպետկոմի նախագահ Հրանտ Ավագյանի ջանքերով (ով նաև «Ջրվեժ» անտառպարկի հիմնադիրն է): 1967 թվականի ապրիլի 18-ին Շամշադինի շրջգործկոմի որոշմամբ այն անվանակոչվել է ակադեմիկոս Արտավազդ Ավագյանի անվամբ:
Այգու դենդրոֆլորան հարուստ է և կազմված է շուրջ 110 ծառաթփատեսակներից: Քանի որ դենդրոպարկը տեղակայված է քաղաքի հարավային բարձունքում, ըստ քամու վարդի վերլուծության՝ այն մշտապես մաքուր օդ է մատակարարում Բերդ քաղաքին:
Տարածքում բարձրության հետ մեկտեղ ավելանում է մթնոլորտային տեղումների քանակը, իսկ եղանակի անկայունության դեպքում քամիները գերազանցապես փչում են հարավարևմտյան ուղղություններից:
Կոորդինատներ՝ 40°52'28"N 45°23 '30"E