Բացահայտիր Տավուշը. Իջևանի գորգագործական կոմբինատ. Հայկական գորգարվեստի փառահեղ էջը

· Տավուշի Մարզ

Բացահայտիր Տավուշը. Իջևանի գորգագործական կոմբինատ. Հայկական գորգարվեստի փառահեղ էջը

Տավուշի մարզկենտրոն Իջևանում տեղակայված գորգագործական կոմբինատը խորհրդային շրջանի թեթև արդյունաբերության խոշորագույն և նշանավոր ձեռնարկություններից մեկն էր:

Հիմնադրվելով 1964 թվականին՝ այն արագորեն դարձավ հայկական ավանդական գորգարվեստի արդյունաբերական վերածննդի կենտրոնը՝ արտադրելով երկպաստառ, ժակքարդային, հինգ գույնի և տիպաչափի 52 տեսակ գորգ:

Արտադրության մեջ որպես հումք օգտագործվում էին նորզելանդական բուրդ, հայրենական կապրոն և պղնձա-ամիակային նրբաթել, ինչն ապահովում էր արտադրանքի բարձր որակն ու դիմացկունությունը: 

Իջևանի գորգագործական կոմբինատի ծաղկման գագաթնակետը գրանցվեց 1975 թվականին, երբ արտադրության ծավալները հասան մեկ միլիոն քառակուսի մետր գորգի: Ազգային նրբաճաշակ զարդարանքի և ժամանակակից ձևավորման համադրությունը իջևանյան գորգերին բերեց համաշխարհային ճանաչում: Դրանք մեծ հաջողությամբ ցուցադրվել են Մոնրեալի, Սան Պաուլուի, Բեյրութի, Բաղդադի, Պրահայի, Պլովդիվի և Լայպցիգի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում, ինչպես նաև ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում: 

Կոմբինատի լավագույն նմուշները, այդ թվում՝ «Էրեբունի-2750», «Իջևան» և «Գուգարք» գորգերը, արժանացել են պետական որականիշի:

Արտադրանքն առաքվում էր Խորհրդային Միության բազմաթիվ անկյուններ և արտասահմանյան երկրներ՝ դառնալով հայկական մշակույթի, վարպետության ու որակի յուրօրինակ այցեքարտ ամբողջ աշխարհում: 

Կոորդինատները

40°52'44"N 45°08'53"E (40.8789° N, 45.1481° E):