Բացահայտիր Տավուշը. Սուրբ Կիրակի մատուռ. Տավուշի լեռնային ժայռին բարձրացող 13-րդ դարի պատմամշակութային կոթողը

Տավուշի մարզի Գանձաքար գյուղից 2 կմ հարավ-արևելք՝ Խոջաբազար գյուղատեղիում, Արաբի ձորից արևմուտք ընկած սարալանջին է գտնվում 1286 թվականին կառուցված Սուրբ Կիրակի մատուռը, որը հայտնի է նաև «Խջբազարի խաչ» անունով:
Հայ առաքելական այս սրբատեղին կառուցված է անմիջապես ժայռի վրա և իրենից ներկայացնում է յուրօրինակ գմբեթավոր շինություն: Մատուռի ներսում՝ պատերի անկյուններում, ագուցված են չորս պահունակներ, որոնց վրա հենվում են ծածկի կամարները՝ իրենց վրա կրելով սրբատաշ գլանաձև թմբուկով և սրադայր վեղարով փոքրիկ գմբեթը: Պատերի մեջ բացվում են մեկական փոքր ու նեղ լուսամուտներ:
Այսօր Սուրբ Կիրակի մատուռը կանգուն է, իսկ նրա ճակատակալ քարին և դրան շրջանակի խաչքարի վրա պահպանվել են արժեքավոր արձանագրություններ: Մատուռի շրջակայքում՝ Արաբաձորի աջ կողմի սարահարթի վրա, տարածվում է հին գերեզմանոցը՝ անմշակ տապանաքարերով, իսկ հարևանությամբ գտնվում է մեկ այլ ավերակ մատուռ:
Լեռնային գեղատեսիլ բնության գրկում գտնվող այս պատմական կոթողը շարունակում է մնալ Տավուշի մարզի ինքնատիպ հոգևոր ու ճարտարապետական արժեքներից մեկը:
Աշխարհագրական կոորդինատներ
40°51'54"N 45°10'39"E (40.8650° N, 45.1775° E)