Ճանաչենք Տավուշի շնորհալի զավակներին. Ռոմեո Մելիքյան. Արտահայտչապաշտություն, դրամատիզմ և ինքնատիպ աշխարհընկալում

Հայ ժամանակակից նկարիչ Ռոմեո Վոլոդյայի Մելիքյանը ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 23-ին Բերդ քաղաքում: Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում (ուսումնարանում): 2015 թվականից նա Նկարիչների միջազգային ֆեդերացիայի և Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության անդամ է, իսկ 2019 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ: Նկարչի աշխատանքները մշտապես ցուցադրվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, ինչպես նաև տեղ են գտել Հայաստանի, Գերմանիայի, Նիդերլանդների, Անգլիայի, Սերբիայի, Լիբանանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում:
Ռոմեո Մելիքյանի արվեստին բնորոշ են արտահայտչապաշտությունը, դինամիզմն ու դրամատիզմը: Նրա «Միջադեպ քաղաքում», «Ամբոխը», «Մեր քաղաքում» և «Պայքար» շարքերում շենք-շինությունների ու մարդկանց հոծ խմբերի հակադրությունն ստեղծում է ուժգին լարվածություն՝ արտացոլելով ներքին ընդվզումն ու տագնապը: Բացի գեղանկարչությունից, հեղինակն ստեղծում է երկաթյա քանդակներ («Պատերազմ» շարք) և կոլաժներ («Քաղաքի բնակիչները», «Տղամարդու դիմանկար», «Կոմպոզիցիա»):
«Հակամարտություն» շարքում որպես ֆոն օգտագործելով աշխարհի քարտեզները՝ նկարիչն իր աշխատանքներով ուշադրություն է հրավիրում մոլորակի վրա ահագնացող պատերազմների վտանգներին:
Նրա ստեղծագործությունները ներկայացվել են բազմաթիվ ցուցահանդեսներում Երևանում, Մոսկվայում, Բեյրութում, Լոնդոնում, Գրոնինգենում, Վիսբադենում, Բելգրադում, Նովոսիբիրսկում և այլուր: