Բացահայտիր Տավուշը. Ջուխտակ Եղցի. Տավուշի անտառներում թաքնված միջնադարյան վանական համալիրը

Հայաստանի Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից 8 կմ հարավ-արևմուտք՝ Ոսկեպար գետի ձախակողմյան անտառապատ լեռնաճյուղին (41°01'44" N, 44°58'07" E), ծովի մակերևույթից 1278 մետր բարձրության վրա է գտնվում Ջուխտակ Եղցի միջնադարյան վանական համալիրը:
Հայ առաքելական այս վանքը, որն ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, բաղկացած է հյուսիս-հարավ ուղղությամբ միմյանց հաջորդող չորս պաշտամունքային կառույցներից՝ երեք եկեղեցուց և մեկ մատուռից:

Վանական համալիրի առաջին եկեղեցին միանավ, երկխորան հորինվածքով թաղածածկ շինություն է (6.35 մ x 4.59 մ):
Երկրորդ եկեղեցին գտնվում է առաջինից 4-5 մետր հարավ, կանգուն է և ունի 6.35 մ x 4.86 մ չափսեր: Երրորդ եկեղեցին համալիրի ամենաընդարձակ կառույցն է (8.57 մ x 5.05 մ), որն ունի կից ավանդատուն, սակայն նրա թաղակապ տանիքն ամբողջությամբ փլուզված է:

Մյուս եկեղեցիներից 20 մետր հարավ գտնվում է փոքրաչափ մատուռը (3.37 մ x 2.9 մ), որն ունի դամբարանական նշանակություն: Մատուռի արևմտյան ճակատին կանգնեցված է եղել մեծ ու գեղաքանդակ խաչքար (2.7 մ x 1 մ), որը խորհրդային տարիներին վայր է գցվել ու երկատվել:
Կոորդինատներ՝ 41°01'44" N, 44°58'07" E (41.028889, 44.968611)