Կլիմայական փոփոխություններ և պարենային անվտանգություն. միջազգային աջակցություն Հայաստանի ֆերմերներին

· Տավուշի Մարզ

Կլիմայական փոփոխություններ և պարենային անվտանգություն. միջազգային աջակցություն Հայաստանի ֆերմերներին

Hy.armradio.am- ը գրում է.

Համաշխարհային շուկայում պարենային ապրանքների գները հասել են ռեկորդային ցուցանիշի։ Կլիմայական անբարենպաստ պայմաններն ու աշխարհաքաղաքական հակամարտությունները խառնաշփոթ են ստեղծել ողջ աշխարհում։ Իսկ դա իր ազդեցությունն է թողնում նաև Հայաստանի գյուղատնտեսության վրա։ Երկրի մարզերում մարտահրավերներին փորձում են դիմակայել ժամանակակից տեխնոլոգիաներով։

Ասիական զարգացման բանկի և Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրով Շիրակի և Տավուշի մարզերում արևային վահանակներ են տեղադրվում, սառնարանային տնտեսություններ ու ոռոգման համակարգեր են կառուցվում։ Ինչպե՞ս են միջազգային ներդրումներն ու տեղական համայնքների ջանքերը փրկում բերքն ու մեղմում գնաճի ազդեցությունը։

Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ Համաշխարհային պարենային գները հուլիսին հասել են վերջին երեք տարվա ամենաբարձր մակարդակին։ Անբարենպաստ եղանակն ու Պարսից ծոցի և Սևծովյան տարածաշրջանի ռազմական հակամարտությունների պատճառով թանկացել են գյուղատնտեսական ապրանքները։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության զեկույցում ասվում է

«Աշխարհը բախվում է պարենային գնաճի նոր ալիքի։ Իրանում և Ուկրաինայում առկա ճգնաժամերը, ինչպես նաև Էլ Նինյո կլիմայական երևույթը ստեղծում են «կատարյալ փոթորիկ», որը հանգեցնում է գների աճի և բերքատվության նվազման»։

Օգոստոսին հացահատիկի գների ինդեքսն աճել է 2,2%-ով՝ հասնելով 2024 թվականի մայիսից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Կիսամյակային տվյալներով Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մոտ 12 տոկոս անկում է գրանցվել։ Ոլորտը առաջնային է, ունի ռազմավարական նշանակություն։ Պարենային անվտանգության ու կայուն գյուղատնտեսության զարգացումը ապահովելու համար ԱԶԲ-ն աջակցում է Տավուշի ու Շիրակի մարզերի՝ կլիմայի փոփոխության առումով ամենախոցելի բնակավայրերին զարգացնելու գյուղատնտեսությունը։ Շիրակի մարզի Ազատան ու Հոռոմ գյուղերում տնային տնտեսությունները ժամանակակից գյուղտեխնիկա են ստացել, կառուցել են սառնարանային տնտեսություններ։

Ազատանի բնակիչ Գայանե Մրտչյանը ծրագրի շահառուներից է․

«Կարտոֆիլը հիմա թարմ վիճակում է, չի փչանում։ Նախկինում մինչև գարուն չէր մնում, սերմացուն էլ է մնում լավ վիճակում։ Ունենք սառնարան, կա ֆիքսված ջերմաստիճան, ինչքան ուզենք՝ կարող ենք պահել»։

ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության ներկայացուցիչ Եվա Դանիելյանը որոշ մանրամասներ է ներկայացնում ծրագրից․

 «Ծրագիրը իրականացվում է ճապոնական JFPR հիմնադրամի միջոցով։ 3 մլն դոլարանոց ծրագիր է, որի հաջող իրականացման պարագայում հույս ունենք, որ ավելի կընդլայնվի այն»։

CAFSEP –ի՝ կլիմայի հարմարվողականության, անվտանգության և զարգացման ծրագրի շրջանակում նաև տունկեր են նվիրում տնտեսություններին։ Առաջիկայում նաև ոռոգման համակարգեր կտրամադրեն։

Ծրագրի շրջանակում գյուղատնտեսները իրենք են որոշում, թե իրենց տարածաշրջանում ո՞ր ծառատեսակն է նախընտրելի, ասում է CAFSEP ծրագրի իրականացման թիմի տնօրեն Արման Սարգսյանը։

«Առաջին բաղադրիչը գյուղացիական տնտեսություններին աջակցությունն է, ունենք 205 շահառու։ Նրանք այն գյուղացիներն են, որոնք կարող են փորձ չունենալ, զբաղվում են գյուղացիական տնտեսությամբ։ Ունենք նաև 30 շահառու, որոնք փորձ ունեն։ Երկրորդ բաղադրիչով սառնարանային տնտեսություններ ենք տրամադրում։ Նաև կա բաղադրիչ, որով ուսումասիրում ենք՝ հասկանալու համար, թե այս մարզերում որտեղ կարող ենք լոգիստիկ կենտրոններ հիմնել»։

10 համայնքի նաև արևային վահանակներ են նվիրել։ Այս համայնքներում ֆոնդեր կստեղծվեն, և հոսանքի խնայված գումարը կծախսվի միայն գյուղատնտեսական նպատակներով։ Սա արդեն պայմանագրային պարտավորություն է։

Պետությունը ԱԶԲ-ի հետ պայմանագիր ունի և նույն այս ծրագրին 500 հազար դոլար է տրամադրել։ Շահառուների հիմնական մասը կամ այգի չի ունեցել կամ ոչ շահավետ այգիներ են ունեցել։ Դասընթացների օգնությամբ նրանք իրենց հմտություններն ու կարողություններն են զարգացրել։