Բացահայտիր Տավուշը. Հաղարծնի վանական համալիր․ Տավուշի մարզի միջնադարյան հոգևոր ու մշակութային կենտրոնը

· Տավուշի Մարզ

Բացահայտիր Տավուշը. Հաղարծնի վանական համալիր․ Տավուշի մարզի միջնադարյան հոգևոր ու մշակութային կենտրոնը

Հաղարծնի վանքը 10-13-րդ դարերի հայկական վանական համալիր է Հայաստանի Տավուշի մարզում՝ Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։

Ըստ ավանդույթի՝ վանքի բացման և օծման արարողության ժամանակ մի արծիվ է նախրել գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, որտեղից էլ առաջացել է «խաղացող (կամ նախրող) արծվի վանք» անվանումը («հաղ»՝ խաղ, «արծին»՝ արծիվ)։ 

Վանական համալիրը ծաղկում է ապրել 12-րդ դարի վերջին – 13-րդ դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության տարիներին։ Որպես ուսումնագիտական և մշակութային կենտրոն՝ այն հիշատակվում է 13-րդ դարի առաջատար կենտրոնների շարքում։ Համալիրում է թաղված Հայոց Բագրատունիների թագավորության արքա Սմբատ Ա-ն։ 

Ճարտարապետական համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ և գեղաքանդակ խաչքարեր։ Ամենավաղ կառույցը Սուրբ Գրիգոր եկեղեցին է (մոտ 10-րդ դար), որին արևմուտքից կից է 12-րդ դարի վերջի քառասյուն գավիթը։ Դեպի արևելք գտնվում է 1244 թվականին կապտավուն բազալտից կառուցված Սուրբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին։ Համալիրի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1281 թվականին (վերականգնվելով X-XI դդ. հիմքերի վրա)։ 

Հուշարձանախմբի արևմտյան մասում է գտնվում 1248 թվականին Մինաս ճարտարապետի կողմից կառուցված սեղանատունը, որն իր կառուցվածքով ու գեղարվեստական հնարքներով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է։ Վանքից հայտնաբերված 1232 թվականի 350 կգ բրոնզաձույլ կաթսան հայկական մետաղագործության բարձրարվեստ կոթողներից է։ 

Կոորդինատներ․ 40°48'07" N 44°53'53" E