Ավելի շատ լույս՝ ավելի քիչ ծախսով․ ինչպես է փոխվել Դիլիջանի փողոցային լուսավորությունը

· Տավուշի Մարզ

Ավելի շատ լույս՝ ավելի քիչ ծախսով․ ինչպես է փոխվել Դիլիջանի փողոցային լուսավորությունը

Դիլիջանի համայնքապետարանը գրում է.

Վերջին տարիներին Դիլիջան համայնքում իրականացվել է փողոցային լուսավորության համակարգի փուլային արդիականացում։ Ավանդական լուսատուները փոխարինվել են ժամանակակից LED համակարգերով, ինչը հնարավորություն է տվել միաժամանակ ընդլայնել լուսավորության ծածկույթը և նվազեցնել մեկ լուսակետի հաշվով ծախսը։

2020 թվականին համայնքում առկա էր շուրջ 1 350 լուսակետ, որոնց տարեկան ծախսը կազմում էր մոտ 33 մլն դրամ։

2025 թվականին լուսակետերի թիվը հասել է 2 700-ի, իսկ տարեկան ծախսը՝ շուրջ 48 մլն դրամի։

Այսպիսով, լուսակետերի քանակը կրկնապատկվել է, մինչդեռ ծախսն աճել է շուրջ 45 տոկոսով։ Նույն 2 700 լուսակետը ավանդական համակարգով շահագործելու դեպքում տարեկան ծախսը կկազմեր մոտ 66 մլն դրամ։

LED համակարգի կիրառման արդյունքում համայնքը հնարավորություն է ստացել լուսավորել ավելի մեծ տարածք՝ ներառյալ Գոշ, Հաղարծին, Թեղուտ, Խաչարձան և Աղավնավանք բնակավայրերը, միաժամանակ տարեկան խնայելով մոտ 18 մլն դրամ։

Լուսավորության համակարգի արդիականացումը ոչ միայն բարելավել է համայնքի բնակավայրերի լուսավորվածությունը, այլև նպաստել է համայնքային բյուջեի միջոցների առավել արդյունավետ և խնայողաբար օգտագործմանը։