1.9 մլրդ՝ ՆԳՆ-ի՞ն. «Հրապարակ օրաթերթ»

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ներքին գործերի նախարարությանը լրացուցիչ շուրջ 1 մլրդ 895 մլն դրամ հատկացնելու նախագծին։
Միջոցները նախատեսվում է օգտագործել ծառայողական ավտոմեքենաների վերանորոգման, տեխնիկական սպասարկման և վառելիքի ձեռքբերման համար։
Գումարը նախատեսվում է տրամադրել կառավարության հարկաբյուջետային ռիսկերի կառավարման պահուստային միջոցներից։
Հատկացվելիք գումարի մոտ 575.7 մլն դրամը նախատեսված է ծառայողական մեքենաների նորոգման և սպասարկման աշխատանքների համար, իսկ 1 մլրդ 319.3 մլն դրամը՝ բենզինի ձեռքբերման նպատակով։
Ավտոմեքենաների սպասարկման համար նախատեսված միջոցների զգալի մասը՝ 338.7 մլն դրամ, կտրամադրվի «Չեխ Ավտո» ՍՊԸ-ին։ Ընկերությունը պետք է սպասարկի պարեկային ծառայության 65 «Skoda Superb» և 75 «Skoda Kodiaq» մեքենաները։
ՆԳՆ-ի հիմնավորմամբ՝ նշված ավտոմեքենաները դեռևս գտնվում են երաշխիքային սպասարկման ժամկետում, և այլ ընկերության կողմից դրանց սպասարկման իրականացումը կարող է հանգեցնել երաշխիքի դադարեցմանը։ Այդ պատճառով տվյալ ծառայությունը նախատեսվում է ձեռք բերել մեկ մատակարարից։
Մեկ այլ՝ 144 մլն դրամի հատկացում նախատեսվում է «Ստանդարտ Մոթորս» ՍՊԸ-ին։ Ընկերությունը սպասարկում է 150 «Skoda Octavia» մեքենա, որոնց երաշխիքային ժամկետն արդեն ավարտվել է, ինչպես նաև Փրկարար ծառայության մի շարք ավտոմեքենաներ։
Մնացած միջոցները կօգտագործվեն բեռնատարների և այլ ծառայողական մեքենաների վերանորոգման, ինչպես նաև «Toyota Land Cruiser 300», «Geely EX8» և «Renault Master» ավտոմեքենաների երաշխիքային սպասարկման համար։
ՆԳՆ-ն նշում է, որ մեքենաների վերանորոգման և սպասարկման մի շարք գործող պայմանագրերով նախկինում նախատեսված ֆինանսական միջոցներն արդեն ամբողջությամբ օգտագործվել են։
Բացի մեքենաների սպասարկումից, նախարարությունը նախատեսում է 1 մլրդ 319.3 մլն դրամով ձեռք բերել մոտ 2.96 մլն լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզին։ Վառելիքը ձեռք է բերվում «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից՝ մեկ լիտրի համար 445 դրամ արժեքով։
ՆԳՆ ներկայացրած տվյալների համաձայն՝ միայն 2025 թվականի ընթացքում գերատեսչության կողմից օգտագործվել է մոտ 5.59 մլն լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզին։
Կառավարության նախագծով նախատեսվում է նաև Փրկարար ծառայության բյուջեում կատարել 9.7 մլն դրամի վերաբաշխում։ Այդ գումարով նախատեսվում է ձեռք բերել 85 բենզինային օդամղիչ սարք։
Նախարարության պարզաբանմամբ՝ սարքերը նախատեսված են հատկապես լեռնային և դժվարանցանելի տարածքներում հրդեհների դեմ պայքարն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։ Նման վայրերում հրշեջ մեքենաների մուտքը կարող է դժվար կամ նույնիսկ անհնար լինել։
Օդամղիչ սարքերի միջոցով հնարավոր է հրդեհի տարածման ուղղությամբ արագ հեռացնել չոր խոտը, տերևներն ու մանր ճյուղերը՝ ձևավորելով մաքրված գոտի և այդ կերպ սահմանափակելով կրակի հետագա տարածումը։
Նախատեսվում է, որ սարքերն առաջնահերթ կտրամադրվեն Լոռու, Տավուշի, Սյունիքի և Կոտայքի մարզերի համապատասխան ստորաբաժանումներին։