Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները

Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի արդյունքում բնակիչների կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները։
Զենք-զինամթերքը կամավոր հանձնելու հերթական դեպքն է գրանցվել Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Իջևան համայնքի «Աղսու» կոչվող տարածքում՝ ծառի տակ, զենք-զինամթերք է թողել։
Նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան, ատրճանակ, տարբեր տեսակի 12 նռնակ, նռնակի 3 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 1100 փամփուշտ և փամփուշտի լիցքավորված շղթա։
Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հրազենը, դրա հիմնական բաղկացուցիչ մասերը, ռազմամթերքը և այլ նյութերը, սարքերը, առարկաները կամավոր հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։