Բերդում միանգամից 14 մանկապարտեզ է փակվել. «Հրապարակ օրաթերթ»

Պետական բյուջեի ֆինանսավորմամբ սկսվել է Բերդ համայնքի 14 մանկապարտեզների շենքերի վերանորոգումը։
Այդ պատճառով մանկապարտեզները ժամանակավորապես փակվել են։
Դա լուրջ խնդիր է դարձել մանկապարտեզի սաների այն ծնողների համար, որոնք աշխատում են։ Երբ ընտանիքի ամուսիններն աշխատում են, մանկապարտեզի սանն այժմ ծնողների աշխատանքային ժամերին խնամքի և հսկողության կարիք ունի։
Այդ 14 մանկապարտեզներից երկուսը գտնվում են Բերդ քաղաքում, 2 մանկապարտեզներից մեկը՝ 9, մյուսը 3 խումբ ունի։ Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը մեզ ասաց, որ իրենք ծագած խնդրի լուծումներ են փնտրում։
Համայնքի ավագանու որոշմամբ հոկտեմբերի 1-ից համայնքի մանկապարտեզների ծառայություններն անվճար են դարձել։ Լուծումներից մեկն այն է, որ գյուղերի փակված մանկապարտեզների սաներին ծնողներին առաջարկել են տանել հարևան գյուղի մանկապարտեզ։
Բերդի համայնքապետարանը խնդրանքով դիմել է Տավուշի մարզպետի աշխատակազմ, որպեսզի ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ մանկապարտեզի երեխաները հաճախեն հանրակրթակական դպրոցների նախակրթարաններ։
Բերդի համայնքապետարանի ենթակայությամբ գործող համայնքի մանկապարտեզների գործունեությունը համակարգող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը դիտարկում է Բերդ համայնքում մասնավորից տարածք վարձակալելու, այնտեղ մանկապարտեզի գործունեություն իրականացնելու մասին, մինչև որ մանկապարտեզների շենքերի վերանորոգումն ավարտվի։